Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Կատարված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը ներկայացրեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Էօրդեքյանը: Կազմակերպությունը մարդասիրական առաքելություն է իրականացրել Սիրիայում, Լիբանանում, Հայաստանում: ՀԲԸՄ կոչով սիրիահայերի օգնության ֆոնդին հավաքվել է 600 հազար դոլար: Օգնություն է ցուցաբերվել Հալեպում 300 և Դամասկոսում 500 ընտանիքի: Ղամիշլիում, Լաթաքիայում միությունը հոգացել է բժշկական օգնության, դեղորայքի, կացարանի հարցերը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց և մասնավորապես նշեց. «Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը մեր կողքին է և արդեն մի քանի խոշոր ծրագրեր է իրականացրել: Մասնակցել է Հայաստանում սիրիահայ ուսանողների կրթավճարների փոխհատուցմանը»:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության՝ «Սիրիահայերի աջակցության 2012-2014թթ ծրագրերի վերաբերյալ» զեկուցումով հանդես եկավ կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը:

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության իրականացրած աշխատանքները և հետագա ծրագրերը ներկայացրեց ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը:

Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին և գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար, նշելով, որ միասնական աշխատանքով հիմնականում լուծումներ են տրվել սիրիահայերին հուզող կարևորագույն խնդիրներին:

Ի գիտություն ընդունվեց ՀԲԸՄ և «Հալեպ» հասարակական կազմակերպության առաջարկությունը՝ այսուհետ ակտիվացնել աշխատանքները «Նոր Հալեպ» բնակարանաշինական ծրագրի իրականացման ուղղությամբ:

Լուսանկարը՝ mindiaspora.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել