ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն օգոստոսի 25-ին ընդունել է ՌԴ Օրլովի մարզի Բոլխովի շրջանում կայացած Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը նվիրված “Հիշատակի Հերթափոխ 2014” միջազգային միջոցառումներից մեդալով և պատվոգրով վերադարձած ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցներին, հետաքրքրվել հայկական կողմի ջոկատի մասնակցության արդյունքներով:
Հարկադիր կատարողները ներկայացմամբ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ արժանացել են ՌԴ գործընկերների և անձամբ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի ջերմ ընդունելությանը:
Ռուսաստանի և Հայաստանի համանուն ծառայությունների համատեղ չորրորդ միջազգային հավաքին մասնակցել է 250 սպա, ովքեր այդ օրերի ընթացքում որոնողական աշխատանքներ են կատարել, գտել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած 172 զինվորների մասունքներ: Մասնավորապես Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են անհետ կորած 13 զինվորի մասունք ու զինվորական պատվով հանձնել հողին: Սգո հանդիսավոր արարողության ժամանակ ընթերցվել և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովին է հանձնվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը՝ նվիրված “Հիշատակի Հերթափոխ 2014” միջազգային հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին:
Բոլխովի շրջանի ղեկավարության կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության որոնողական ջոկատին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար տրվել է շնորհակալագիր, իսկ ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Բարսեղյանը Արթուր Պարֆենչիկովի կողմից պարգևատրվել է “Արժանիքների համար” մեդալով:
Միհրան Պողոսյանը դրական է գնահատել ծառայության աշխատակիցների մասնակցությունը և հաջողություն մաղթել հետագա ձեռնարկումներում:
Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը և Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին: Բոլխովի շրջանի “Կրիվցովյան” հուշահամալիրի եղբայրական գերեզմանում հանգչում է 25 հազար զինվորի աճյուն, որից 1000-ից ավելին՝ հայազգի:
Առաջիկայում նախատեսվում է իրականացված որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ գործնական քննարկում՝ Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանի հետ:
Լուսանկարը՝ harkadir.am-ի: