«էս ինչ լավն ա ու էս հավի հետ». ռեպլիկից մինչև դատարան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արմեն Գրիգորյանի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 09-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր կնոջ՝ Լաուրա Վ.-ի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս, իրենց հանդիպակած ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։ Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա, Ա.Գրիգորյանն երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, որն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով։ Որից հետո Ա.Գրիգորյանից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը, Համլետ Հակոբյանը, Արման Չատինյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք, իմանալով Ա.Գրիգորյանի բնակության հասցեն, 2013թ. փետրվարի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, գնացել են նրանց տան դիմաց, որտեղ Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք Ա.Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել Ա.Գրիգորյանի ընտանքի անդամների ու շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն։

Այդ պահին Ա.Գրիգորյանը դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող չեխական արտադրության ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ, որից հետո խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով` ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակը հրազեն է, մեկ անգամ էլ կրակել է ասֆալտին, որի արդյունքում՝ գնդակը անդրադարձ թռիչք կատարելով շարունակել է ուղղությունը տաղավարի մոտ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի բացված դռան ուղղությամբ, այն վնասել ավտոմեքենայի աջ դռան ապակին և դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածքով, դեմքի շրջանի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք` առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։

Սույն գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ մինչև կայացել է թվով 10 դատական նիստ:

Գործում` որպես իրեղեն ապացույցներ, կցվել են մեղադրյալներ Արմեն Գրիգորյանի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի հագուստները` երեք փաթեթում, մեղադրյալ Գ Ապերյանի հագուստների վրայի հայտնաբերված ապակու կտորները մեկ փաթեթում, պարկուճ` մեկ փաթեթ, սրի պոչ` փաթեթավորված վիճակում, արյան նմուշներ`փաթեթավորված վիճակում: Մեղադրյալ Ա.Գրիգորյանի անձնագիրը կցված է քրեական գործին, որոնք պահվում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի իրեղեն ապացույցների պահպանման սենյակում:

Հիշեցնենք, որ գործի մանրամասներին Իրավաբան.net-ը անդրադարձ էր կատարել նաև նախկինում:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել