Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արսեն Փահլևանյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արսեն Փահլևանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հյուսիսային պողոտայում գործող «Այվի» սրճարանի մոտ վիճաբանել է Արթուր Հ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս մեջքի շրջանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Արսեն Փահլևանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: