Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար. ցանկ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի, կացարանի, իր և երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր և երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).
2) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը.
3) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`
ա) ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները,
բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,
գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը.
4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար վերոշարադրված 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

Դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում: Ընդ որում, երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է` տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ անձի) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, դրա տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները, ինչպես նաև նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել