Պետբյուջեից 115 միլիոն դրամի յուրացում կատարելու մեջ մեղադրվող դատական դեպարտամենտի աշխատակիցների գործը դատարանում է

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մի խումբ աշխատակիցների գործը: Վերջիններս մեղադրվում են պետական բյուջեից խոշոր չափերի գումար՝ 115 միլիոն 782 հազար դրամ յուրացնելու մեջ:

13 ամբաստանյալիների մասնակցությամբ այս գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին:

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկար ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են Դատական դեպարտամենտին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115 միլիոն 782 հազար 33 դրամ:

Բացի այդ, Միասակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ:

Արմեն Մովսիսյանը, լինելով Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, մեղադրվում է նաև կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/9 հասցեում տեղակայած Դատական կարգադրիչների ծառայության շենքում կատարելով պաշտոնական կեղծիք, իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագիրը:

Գեղամ Գրիգորյանը՝ դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալը, կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/9 հասցեում տեղակայած Դատական կարգադրիչների ծառայության շենքում կատարելով պաշտոնական կեղծիք, իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը:

Այդ ամենից բացի Գեղամ Գրիգորյանը դրդել է նաև կազմակերպված խմբի անդամ չհանդիսացող ստորաբաժանման պետերին կատարել պաշտոնեական կեղծիք, այն է նշված տեղեկագրերում մտցնել փաստացի ծառայություն չիրականացնող անձանց տվյալներ:

Ինչպես նաև, խարդախությամբ աձանձնապես խոշոր չափերի` 1.206.330 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դիտավորությամբ, Մերուժան Կյուրեղյանին դրդել է վերջինիս կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին ընթացք չտալու համար իր միջոցով պաշտոնատար անձին կաշառք տալ և 2010 թվականի ապրիլ ամսին ստանալով նշված գումարը` խարդաության եղանակով հափշտակել այն:

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ`միավորվել է գործող անցնող մյուս ամբաստանյալների հետ և 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են Դատական դեպարտամենտին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115 միլիոն 782 հազար 33 դրամ:

Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերժուժան Կյուրեղյանին, դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին:

Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին, վերոնշյալ արարքից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/9 հասցեում տեղակայած Դատական կարգադրիչների ծառայության շենքում կատարելով պաշտոնական կեղծիք, իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցը մեղադրվում է այն բանի համար, որ նույն ժամանակահատվածում Գեղամ Գրիգորյանի ցուցումով` կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով, նույն դատարանի շենքում, պաշտոնեական կեղծիքների միջոցով իր ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընգրկել է նաև փաստացի ծառայություն չիրականացնող անձանց, որից հետո հաստատել է իր ստորագրությամբ վերը նշված տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին:

Դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանը նույն ժամանակահատվածում Գեղամ Գրիգորյանի ցուցումով` կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով, նույն դատարանի շենքում, պաշտոնեական կեղծիքների միջոցով իր ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընգրկել է նաև փաստացի ծառայություն չիրականացնող անձանց, որից հետո հաստատել է իր ստորագրությամբ վերը նշված տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին:
Արմեն Ավագյանը, հանդիսանալով դատական կարգադրիչների ծառայության Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ, մեղադրվում է այն բանի համար, որ Գեղամ Գրիգորյանի ցուցումով` կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/9 հասցեում տեղակայած Դատական կարգադրիչների ծառայության շենքում, պաշտոնեական կեղծիքների միջոցով իր ղեկավարած ստորաբաժանման աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընգրկել է նաև փաստացի ծառայություն չիրականացնող անձանց, որից հետո հաստատել է իր ստորագրությամբ վերը նշված տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին:

Անգին Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով ՀՀ Դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հետ, 2010 թվականի հուլիս և նոյեմբեր ամիսների ընթացքում Արմեն Պետրոսյանին և Միքայել Ստեփանյանին նույն հիմնարկում աշխատանքի ընդունելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:

Ամաբաստանյալներ Միսակ Մարտիրոսյանի, Արմեն Մովսիսյանի, Գեղամ Գրիգոյանի, Նարեկ Գասպարյանի, Բագրատ Արիկյանցի, Արմեն Ավագյանի, Յուրա Մուշկիդյանովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Եղիազար Սարգսյանի, Սաթենիկ Հովհաննիսյանի, Արման Փալիկյանի, Մերժուժան Կյուրեղյանի, Անգին Ղուկասյանի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանը անձնական երաշխավորությամբ բաց է թողնվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել