Պատժվո՞ւմ է արդյոք մարմնավաճառությամբ զբաղվելը Հայաստանում

Մարմնավաճառությունն օրինական է աշխարհի, այդ թվում եվրոպական մի շարք երկրներում: Նմանատիպ ծառայություններ մատուցող կանայք հաճախ տեղաշարժվում են ԵՄ տարածքում` օգտվելով ծառայությունների ազատ տեղաշարժի իրավունքից: Եվրոպական Միության դատարանի մեկնաբանությունների համաձայն` մարմնավաճառությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով իրականացվող տնտեսական գործունեություն, ուստի մարմնավաճառները կարող են ազատորեն տեղաշարժվել ԵՄ տարածքում:

Հայաստանում մարմնավաճառությունն օրինականացված չէ: Ուստի հետաքրքիր է, պատժվու՞մ է արդյոք պոռնկությամբ զբաղվելը Հայաստանում: Ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պոռնկությամբ զբաղվելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`առաջացնում են տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

Տարօրինակ է, սակայն Հայաստանում պոռնկությամբ զբաղվելու համար նախատեսված է միայն վարչական պատասխանատվություն, իսկ պոռկությամբ զբաղվելուն նպաստելու համար` քրեական պատասխանատվություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն.

1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) կամ 132.2-րդ (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը) հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով, կամ կալանքով`մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝մեկից չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) ակնհայտ հղի կնոջը օգտագործելով,

5) երկու կամ ավելի անձանց օգտագործելով,

6) անչափահասին օգտագործելով,

7) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարիժամկետով, կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների իմաստով որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1000 դրամը:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել