Իր նպատակին հասնելու համար օգտագործել է ոստիկանի համազգեստը. գործը հասել է դատարան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ կքննվի 47-ամյա Էդվարդ Էլբակյանին առաջադրված մեղադրանքը:

Վերջինս 2014թ. փետրվարի 17-ին, նախապես ունենալով ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դիտավորություն, իր հանցավոր նպատակներն առավել հեշտությամբ իրականացնելու նպատակով ապօրինաբար օգտագործել է հագին եղած ՀՀ ոստիկանության աշխատակցի համազգեստը:

Աննա Օրբելյանին, ներկայանալով որպես ոստիկանության աշխատակից, խաբեության եղենակով նրանից հափշտակել է 27.500 ՀՀ դրամ արժողությամբ ոսկե շղթան, ապա նույն վայրում Աննա Օրբելյանին անձնագրերը և ոսկե շղթան վերադարձնելու հարցի շուրջ որպես ոստիկանության աշխատակից վիճաբանել է վերջինիս ամուսնու` Մխիթար Օրբելյանի հետ, որի ընթացքում քաշքշել է նրան, հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով գլխի ձախ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի և ձախ ականջախեցու վերին գալարի քերծվածքի ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ նշված արարքը դատապարտվում է ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածի համաձայն: Այսինքն` պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը, ինչպես նաև դատական և իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել