ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի նախկին պետ Կ․Պ․-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա հեռավոր ազգական Արսեն Պ.-ին ՀՀ ոստիկանության ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու կեղծ խոստումով նրան շահագրգռել, վերջինիս դրդել է, իբրև, կաշառք առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար, տալ հիշյալ պաշտոնին նշանակվելու համար, սակայն Կ. Պողոսյանը ստանալով խոշոր չափերով վերը նշված գումարը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է:
Բացի այդ, Կ․Պ․-ն իր բնակարանում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են բնակարանում կատարված խուզարկությամբ:
Կ․Պ․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նրա նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: