Նորություն ապագա ծնողների համար. առաջարկվել է նոր մոտեցում

Առաջիկայում ոչ թե կարգելվի բժիշկներն ծնողներին մինչև 30 շաբաթական դառնալը երեխայի սեռը հայտնելը, այլ կիջեցվի հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը մինչև 10 շաբաթ: Այդ ժամանակ ուլտրաձայնային հետազոտությամբ երեխայի սեռը հնարավոր չէ որոշել։ Նման առաջարկ է ներկայացրել ԵՊԲՀ պրոֆեսոր Կարինե Թոխունցը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդլայնված քննարկման ժամանակ:

Նրա առաջարկն ընդունելի է համարվել։ Կարևորվել է նաև ավելի մեծ ժամկետում հղիության արհեստական ընդհատումների դեպքում բժշկական ցուցումների հստակեցումը և հսկողության խստացումը, ինչպես նաև վիժում առաջացնող հաբերի վաճառքի կանոնակարգումը։

Նշենք, որ ինչպես այլ երկրներում, մեզանում ևս սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները երեք հիմնական դրդապատճառ ունեն։ Հայ ընտանիքներում առկա է տղա երեխայի նախապատվությունը որպես օջախի «ծուխը ծխեցնող», ազգանվան շարունակող, ժառանգորդ և այլն։ Մյուս դրդապատճառը երկրում համապատասխան տեխնոլոգիաների հասանելիությունն է, ինչն ապագա ծնողներին թույլ է տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել աղջիկ երեխաներ ունենալուց: Եվ, վերջապես, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ինչը, բնականաբար, նվազեցնում է երկու սեռի երեխա ունենալու հավանականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել