Երևան քաղաքի Կենտրոն դատարանի շենքի դիմաց հնչած կրակոցների գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Հայկ Կյուրեղյանը ձերբակալված է:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունից առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Հայկ Կյուրեղյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ 5 ոստիկաններ են տուժել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կյուրեղյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է:
Լուսանկարը` azatutyun.am-ի