Պատիժը կխստացվի

ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածում («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») փոփոխություններ կկատարվեն և տուժողին անզգուշությամբ մահ պատճառելու համար որպես պատիժ կնախատեսվի յոթից տասներկու տարվա ազատազրկում` ներկայիս հինգից տասը տարվա փոխարեն: Նման փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացվել Կառավարություն և ընդգրկվել հունիսի 12-ի նիստի օրակարգում:

«ՀՀ քրեական օրենսգիրքը, առաջնային պաշտպանության տակ առնելով մարդու կյանքը, կարելի է ասել, որ երկրորդ տեղը հատկացրել է մարդու առողջությանը: Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները համակարգային վելուծության ենթարկելով` կարելի է ասել, որ մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու հանցակազմը, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, թերի է կարգավորում այդ ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունները: Մասնավորապես, 112-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է այդ հանցակազմը որակյալ դարձնող մի շարք հանգամանքներ, որոնց շրջանակում` 14-րդ կետում, այլ որակյալ հանգամանքների հետ համահավասար, նախատեսում է անձի առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Այս պարագայում, կարծում ենք, որ այս հանցագործությունը, որը փաստորեն ուղղված է և’ անձի կյանքի, և’ առողջության դեմ, պետք է առանձնացվի որպես 3-րդ մաս` համապատասխան ավելի խիստ սանկցիայով:

Միջազգային իրավական փաստաթղթերի և արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ մարմնական ծանր վնասվածքի դեպքում, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պետք է առանձնացվի ծանրացուցիչ հանգամանքներից և դիտվի որպես առանձնապես ծանրացնող հանգամանք»,- գրված է նախագծի հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել