Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:
Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին:
Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կեսը:
Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:
Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս: