Ապրել ամեն գնով

Կյանքը տրվում է մեկ անգամ… Կյանքն Աստծո պարգևն է, այն բարձրագույն, բացարձակ արժեք է, բնական և անօտարելի իրավունք, բոլոր իրավունքների ու ազատությունների հիմքն է, քանզի բոլոր իրավունքները կորցնում են իրենց իմաստը, եթե մարդը զրկվում է կյանքից: Կյանքի իրավունքը նշանակում է, որ մարդը կարող է իր կամքով տնօրինել իր կյանքը, և ոչ ոք` ո՛չ պետությունը կամ պետական մարմինները, ո՛չ մասնավոր անձինք չեն կարող կամայականորեն մարդուն զրկել իր կյանքից:

 

Սակայն, որքան էլ այն բացարձականացնենք, ներկան ստիպում է մեզ հասկանալ, որ կամայականությունները, սեփական «ճշտով» դատաստանի իրականացումը, անգամ սեփական անձի դեմ ոտնձգությունների կատարումը, ինքնասպանությունները խորթ չեն մեր իրականությանը:

 

Ասվածը պատահական չէ, քանզի վերջին ժամանակներս առավել հաճախ ենք ԶԼՄ-ներից տեղականում ինքնասպանությունների, ծեծի, սպանությունների, բռնությունների, հասարակության մեջ առկա այլ արատավոր երևույթների մասին:

 

Կյանքը մարդուն ի վերուստ տրված բարիք է, պարգև: Մարդու կյանքն անգնահատելի է, իսկ կորուստը` անդառնալի: Դրանով էլ պայմանավորված է կյանքի դեմ ուղղված հանցագործությունների հանրային մեծ վտանգավորությունը: Կյանքի դեմ ուղղված հանցագործությունների նպատակներն ու շարժառիթները քրեաիրավական որակման համար նշանակություն են ստանում միայն այն դեպքում, երբ նախատեսված են քրեական նորմի դիսպոզիցիայում:

 

Կյանքի դեմ ուղղված հանցագործություններից ամենածանրը սպանությունն է: Դրա դեմ վճռական պայքարը յուրաքանչյուր անհատի, հասարակության և պետության առջև ծառայացած կարևորագույն խնդիրներից է: Ինչ վերաբերում է ինքնասպանությանը, ապա այն ավելի ծանր է հասարակական ընկալման տեսանկյունից. անձն ինքն է վերջ դնում իր կյանքին` սեփական կամքով:

 

Ինքնասպանությունը կամ դրա փորձն ինքնին պատժելի արարքներ չեն: Ինքնասպանությունը վերաբերում է բարոյականության, հոգեբանության և բժշկության ոլորտներին: Բայց երբ ինքնասպանությունը հանդիսանում է մեկ այլ անձի` քրեական օրենքով արգելված որոշակի վարքագծի արդյունք, հարցն անմիջապես տեղափոխվում է քրեաիրավական հարթություն: Փաստորեն ինքնասպանության հասցնելը բնութագրվում է ինչպես հանցավորի բացարձակ անբարոյականությամբ, այլև մարդկանց արժանապատվության և հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունքով:

 

Քսաներորդ դարի սկզբին ինքնասպանությունը համարվեց «դարի հիվանդություն», «համաճարակ»: Ինքնասպանությունը մարդկության առջև ծանրացած խնդիրներից մեկն է և գոյություն ունի այնքան, որքան երկրի վրա ապրում է մարդը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրեթե մեկ միլիոն մարդ կամավոր հրաժեշտ է տալիս իր կյանքին և մոտ տասը միլիոնը ինքնասպանության փորձ կատարում: Այլ կերպ ասած` յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ տեղի է ունենում ինքնասպանություն: Բացի այդ, ինքնասպանությունը տասներեքերորդն է մահացության պատճառներից և համարվում է 15-44 տարեկան մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկը:

 

Ցավով պետք է նշենք, որ այսօր ինքնասպանության ցուցանիշները բարձր են նաև Հանրապետությունում: Ինքնասպանությունների հիմնական պատճառներն են աղքատությունը, սոցիալական տարաբնույթ խնդիրները, գործազրկությունը, ընտանեկան գժտությունները, մարդկային ոչ ճիշտ ձևավորված հարաբերությունները, հասարակության անհանդուրժողականությունն ու պարասավանքը` ուղղված այս կամ այն երևույթի ընկալմանը, անձի հոգեկան ներաշխարհը, անձնական հայացքները: Եվ այդ ամենը կատարվում է մի երկրում, որը միշտ սիրում է հիշել, որ ինքն առաջին Քրիստոնյա երկիրն է, որ հայն առաջինն է ընդունել քրիստոնեությունը:

 

Իսկ արդյո՞ք սպանելը, ինքնասպանություն գործելը վայել է քրեստոնեային: Հայ Առաքելական սուրբ եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը` որպես հուսահատության, աստվածմերժության դրսևորում: Ինքնասպանությունն անընդունելի արարք է, քանի որ անձը զրկվում է ապաշխարելու հնարավորությունից: Մարդն ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որևէ դժվարություն անհաղթահարելի է թվում, երբ տառապանքների ու ցավի վերացման դարման չեն գտնում:  Դա Աստծո հանդեպ թերահավատություն է: Ակամա թվում է, թե ինքնասպաններն ուժեղ մարդիկ են, սակայն իրականում նրանք թույլ են, որովհետև ընկնում են դժվարության առաջ և կուլ են գնում դրան: Բացի այդ, ինքնասպանները չեն հավատում, որ Աստված կարող է օգնել իրենց:

 

Պետք է պետությունը ձեռնամուխ լինի և քայեր կատարի` բացահայտելու հասարակության մեջ այս արատավոր երևույթը ծնող պատճառները, միջոցներ ձեռնարկի առկա պատճառների վերացման և կանխարգելման ուղղությամբ, այլապես ինքնասպանությունների թիվը կշարունակի աճել մեր երկրում: Այնինչ այսօր մեր պետությունը լռում է…

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել