Դեպոնացման ինստիտուտը չի կարող չարաշահվել և պարբերաբար կիրառվել. Ռուբեն Մելիքյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է ցուցմունքների դեպոնացում: Դեռևս 2012 թվականից նախագծի այս նորմը լայն քննարկումների առարկա է դարձել:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը լրագրողների համար Աղվերանում կազմակերպված երկօրյա սեմինարի ընթացքում փորձեց բացատրել, թե ի՞նչ է իրականում ցուցմունքների դեպոնացումը:
Ըստ նրա՝ դեպոնացված ցուցմունք չի նշանակում, որ այն որևէ կերպ փոփոխվել չի կարող. «Հետագայում մեղադրյալը կարող է հրաժարվել դրանից և տալ այլ ցուցմունք: Եթե հրաժարվելը համոզիչ է կամ նոր ցուցմունքն առավել արժանահավատ է, ապա դատարանն ամբողջությամբ կարող է այլ գնահատական տալ դեպոնացված ցուցմունքին»:

Մասնագետը թերևս կարևորեց այն հանգամանքը, որ միայն դեպոնացված խոստովանական ցուցմունքի հիման վրա անձը չի կարող դատապարտվել: Այն անձին դատապարտելու հիմք կարող է հանդիսանալ միայն այն դեպքում, եթե հիմնավորվել է պատշաճ իրավական ակտի շրջանակներում հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ. «Այսինքն՝ նախ պետք է լինեն այլ ապացույցներ, դրանք պետք է գնահատվեն բավարար և այդ ապացույցները պետք է ձեռքբերված լինեն պատշաճ իրավական ակտի արդյունքում: Դրանք չեն կարող բխել խոստովանական ցուցմունքից և լինել դրա մի մասը: Պետք է ունենան ինքնուրույն նշանակություն»:
Այնուամենայնիվ, եթե անձը դատապարտվում է միայն դեպոնացված խոստովանական ցուցմունքի հիման վրա, ապա Վերաքննիչ քրեական դատարանում այն կարող է համարվել դատավճռի բեկանման անվերապահ ինքուրույն հիմք:

«Սա այն քիչ դեպքերից է, երբ Վերաքննիչ քրեական դատարանը սահմանափակված չէ վերաքննիչ բողոքի փաստարկներով: Կարող է դուրս գալ բողոքի փաստարկների սահմանից և այդ հիմքով բեկանել դատավճիռը: Եթե Վերաքննիչ քրեական դատարանում սխալը չի ուղղվում, ապա դա Վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու անվերապահ հիմք է: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը ևս սահմանափակված չէ բողոքում առկա փաստերով: Եթե անգամ Վճռաբեկ դատարանում սխալը չի ուղղվել, ապա առանց ժամկետի սահմանափակման՝ դա հիմնարար խախտման հիմքով վերանայման բողոք բերելու հիմք է»,- ասում է Ռուբեն Մելիքյանը:

Շատերի մոտ կա այնպիսի կարծիք, որ դեպոնացման ինստիտուտը կարող է չարաշահվել և պարբերաբար կիրառվել: Մասնագետն այն բացառեց: Նրա փոխանցմամբ՝ դեպոնացումը կարող է կատարվել, երբ մեղադրյալը չունի պաշտպան. «Եթե մեղադրյալն ունի պաշտպան ուրեմն ցուցմունքի դեպոնացման մասին խոսք լինել չի կարող: Շատ կարևոր է նշել նաև, որ մեղադրյալը կարող է պաշտպանից հրաժարվել միայն փաստաբանի ներկայությամբ: Իմ կարծիքով սա նախագծի ամենակարևոր դրույթներից է»:

Ռուբեն Մելիքյանը վստահ է, որ այս պայմաններում ավելի սակավ կլինեն այն դեպքերը, երբ անձը ոչ բարեխղճորեն և ոչ իրավաչափորեն փաստացի զրկված կլինի պաշտպան ունենալու հնարավորությունից:

Ցուցմունքի դեպոնացումը համատարած չի կիրառվի: Դրա հաջորդ պատճառն, ըստ մասնագետի, այն է, որ դատավորը պարտավոր է մեկուսի, առանց քննիչի ներկայության մեղադրյալին բացատրել փաստաբան ունենալու նրա իրավունքը:

«Այս ինստիտուտի կարևոր մասը հենց դատավորի հետ մեկուսի հանդիպումն է: Սա միակ հնարավորությունն է, երբ դու թեկուզ կարճ ժամանակով անձին դուրս ես բերում վարույթ իրականացնող մարմնի բացարձակ վերահսկողությունից: Ցուցմունքի դեպոնացումը ևս կատարվում է դատարանում»,- եզրափակելով խոսքն ասաց Ռուբեն Մելիքյանը:

Արև Ավագյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել