Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդունվելու դեպքում մեզ կտա մի կողմից լավ դատավարություն, հանցավորության դեմ արդյունավետ պայքար, իսկ մյուս կողմից՝ մարդու իրավունքների երաշխիքների առավել ուժեղ պաշտպանվածություն:
Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քրեական դատավարության նոր օրենսգիքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ նոր օրենսգրքի նախագծում ամենալուրջ փոփոխությունը ազատությունից զրկելու մեխանիզմների և ձերբակալման հիմքերի հստակ կանոնակարգումն է:
«Կալանքը որպես խափանման միջոց ընտրում ենք այն ժամանակ, երբ այլ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքը: Նախագիծն առաջարկում է այլընտրանքային խափանման միջոցների ավելի լայն շրջանակ, որոնք կարող են հանդես գալ նաև համակցված: Օրինակ տնային կալանքը, գրավը, վարչական հսկողությունը, երաշխավորությունը, զինվորական հսկողության հանձնելը, դաստիարակչական հսկողության հանձնելը»:
Մասնագետը հատկապես ընդգծեց այն հանգամանքը, որ եթե անձի ձերբակալման դեպքում տեղի են ունենում կոպիտ խախտումներ, ապա դրանք կարող են կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու պատճառ հանդիսանալ: Նման իրավիճակ է հնարավոր այն դեպքում, երբ օրինակ խախտվել է անձի փաստաբան ունենալու կամ բժշկի կողմից զննության ենթարկվելու իրավունքը:
Արման Թաթոյանը կատարված փոփոխությունների և նորամուծությունների շարքում կարևորեց նաև պաշտպանության կողմի հնարավորությունների ընդլայնումը մինչդատական վարությում. «Այն արդեն վերաբերում է մրցակցային սկզբունքին: Մենք փորձել ենք այնպես անել, որ մրցակցությունը սահմանվի ոչ թե որպես պարզապես սկբունք, այլ՝ ռեժիմ: Ճիշտ է, նոր նախագծով էլ մինչդատական վարույթը մրցակցային չի դառնում, սակայն լուրջ էլեմենտներ են մտցվել, օրինակ` պաշտպանական կողմը կարող է քննիչին ապացույցներ ներկայացնել, այդ թվում` այլ փորձագետի կողմից ստացած կարծիքը, որոնք կցվում են գործին»:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հստակ պահանջներ է սահմանել նաև քննիչի համար: Եթե վերջինս միջնորդություն է ներկայացնում որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, հետևաբար պետք է պատճառաբանի և փաստարկներով հիմավորի, թե ինչո՞ւ է հենց այդ տարբերակն ընտրել:
«Դատարանն էլ իր հերթին է պարտավոր է խափանման միջոցը հաստատելու դեպքում փաստարկված հիմնավորի և ներկայացնի այն հիմքերը, ըստ որոնց որոշվել է անձին կալանավորել»,- ասում է Արման Թաթոյանը:
Փոխնախարարի խոսքով՝ փոփոխվել է նաև նախնական կալանքի համար սահմանված ժամկետները: Նախագծով սահմանվում է մեկ ամիս. «Եթե քննիչը ցանկանում է երկարացնել կալանքի ժամկետները, ուրեմն այս դեպքում ևս պետք է հստակ հիմնավորվի քրեական հետապնդումը շարունակելու անհրաժեշտությունը և պատշաճ ջանասիրությունը: Խստացրել ենք նաև կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները»:
Իրավաբան.net-ի այն հարցին, թե միջազգային փորձն ուսումնասիրելիս եղել են արդյո՞ք հրապուրիչ դրույթներ, որոնք օրենսգրքում չեն ներառվել՝ պատասխանեց.
«Այո եղել է: Օրինակ, սուբսիդիալ մեղադրողը սկզբում ամրագրեցինք, բայց հետո հրաժարվեցինք: Այսինքն՝ երբ դատախազը հրաժարվում է մեղադրանքից և տուժողը շարունակում է առանց դատախազի պաշտպանել մեղադրանքը: Մեզ համար այս պահին գլխավորն այն է, որ ձեռք բերածը չկորցնենք, դրա համար էլ շատ զգույշ ենք վարվել»:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում կատարված փոփոխությունները միտված են նախաքննության փուլի հնարավորինս թեթևացմանը և դատարանակենտրոն դատավարության ապահովմանը: Քանի որ ըստ Արման Թաթոյանի՝ դատարանում անձի իրավունքների պահպանման երաշխիքներն առավել շատ են և դրանցից մեկը հրապարակային դատավարությունն է:
Արև Ավագյան