Երրորդ անձինք՝ ըստ ՀՀ Վարչական դատավարության նոր օրենսգրքի

Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։

Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։

Եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչև դատաքննության ավարտը։

Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։

Երրորդ անձի` դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը շարունակվում է, եթե երրորդ անձը միջնորդություն չի ներկայացնում դատաքննության նախապատրաստելու փուլից գործի վարույթը վերսկսելու մասին։

Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։

Վարչական դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել դատավարության մասնակիցների կազմից, եթե նրան ներգրավելու հիմքերը վերացել են, կամ եթե դատարանը հանգում է այն համոզման, որ ընդհանրապես բացակայում էին նրան որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերը (ոչ պատշաճ երրորդ անձ):

Ոչ պատշաճ երրորդ անձին դատավարության մասնակիցների կազմից հանելու դեպքում գործի վարույթը շարունակվում է:
Դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել