Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։
Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։
Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»։