Պոլիտեխնիկում նոր կյանք ճանապարհեցին 92-րդ սերնդի շրջանավարտներին։ Ավանդույթ դարձած ավարտական երեկոն ՀԱՊՀ-ում վերածվել էր իսկական տոնի։
Շրջանավարտները մեծ ոգևորությամբ են նշում՝ համալսարանն այն լուսավոր կետն է, որտեղ առաջին անգամ ոտք դնելով՝ բացի որակյալ կրթությունից նոր շփումներ, միջավայր ու ընկերներ են ձեռք բերել։
Ավարտական երեկոյին գնահատանքի խոսքեր հնչեցնելու համար մեկ վայրում հավաքավել էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ճանաչված շրջանավարտներ, դասախոսներ, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ընտանիքի անդամները։
Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը իր ելույթում նշեց՝ վերջին տարիներին բարելավել են ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ներդրել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդել կապերը միջազգային գործընկերների հետ։
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի ավարտական երեկոյին շնորհավորեց բոլորին՝ վերահաստատելով, որ այս տարիների ընթացքում ստացած գիտելիքներն իր պտուղներն է տալու․ «Մենք հավատում ենք ձեզ, մենք սիրում ու հավատում ենք ձեզ, մենք ձեր կողքին ենք։ Այսօր ներկայացել ենք այս կազմով՝ ևս մեկ անգամ հաստատակամ ասելու, որ պոլիտեխնիկի ավագ սերնդի ներկայացուցիչները, բարերարները, բարեկամները ձեր կողքին են, ձեզ քաջալերում են»։
Պետք չէ վախենալ նոր մտահաղացումներից, նորարար տեխնոլոգիաներից և նույնիսկ Արհեստական բանականությունից․ այսպես շրջանավարտներին դիմեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, իր խոսքում անդրադարձ է կատարել այն ժամանակվա ոլորտային մարտահրավերներին ու մասնագիտական սահմանափակ պահանջարկին՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, հետադարձ հայացք գցելով՝ եթե կրկին կանգներ նույն ընտրության առջև, անկասկած կընտրեր նույն ուղին։
Շնորհավորանքի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ և համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ` իր համար պատիվ է պոլիտեխնիկցիների 92-րդ սերնդին բարի երթ և մասնագիտական հաջողություններ մաղթել։
ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյի հանդիսավոր միջոցառմանը ընթացքում տեղի ունեցավ լավագույն շրջանավարտների դիպլոմների և պատվոգրերի արարողությունը, իր ներկայությամբ ավարտական երեկոն պատվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
«Ես սրտանց ողջունում եմ երիտասարդների այս մուքտը կյանք, մեր իրականություն և վստահ եմ, որ իրենց գործունեությամբ ամեն մեկն իր բնագավառում մի նոր եռանդ պիտի բերի, քանի որ իրենք եռանդուն են ոչ միայն բնության տվյալներով, քայլև պահանջարկը կա լինելու այդպիսին, քանի որ կարճ ժամանակ առաջ գիտությունը զարգանում էր հարյուրամյակներով, այսօր զարգացման տեմպերը չափազանց արագ են»,-ասաց Տիգրան Մանսուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները՝ Տիգրան Ղուկասյանի