Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված հայտարարություններիս համար. Ռուբեն Հակոբյանի նամակը՝ ՔԿՀ-ից

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որն այժմ կալանավորված է, նամակ է հղել ՔԿՀ-ից։ Այն հրապարակել է որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։

Իր իշխանության յոթ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ խախտել է ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, տապալել է պետության սահմանադրական կարգը, ինչի հետևանքով էթնոզտվել և գլխատվել է Արցախը։ ԱԺ ամբիոնից իր իսկ խոստովանությամբ՝ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի։ Իր սադրիչ («Արցախը Հայաստան է և՝ վերջ») հայտարարությամբ, թշնամուն լեգիտիմ հնարավորություն է տվել պատերազմը վերսկսելու։ Արևմտյան որոշ ուժերի դրդմամբ, անվստահություն է առաջացրել Հայաստանի ռազմավարական դաշնակիցների շրջանում։ Մեր պետությունը դարձրել է թշնամու ձեռքին գործիք և ծիծաղի առարկա։ ՀՀ դատաիրավական մարմինները ոչ միայն չեն կանխել և կանխում իշխող թիմի և նրան առաջնորդի ազգադավ քաղաքականությունը, այլև իրենց գործունեությամբ բացահայտ նպաստում են ազգակործան քաղաքականության իրականացմանը։

44-օրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել Գերագույն Գլխավոր հրամանատարի տգետ, պատերազմ վարելու ոչ ունակ, արցախյան առաջին պատերազմում հաղթանակներ ապահոված նախկին նախագահներին մեկուսացնելու, նրանց փոխարեն կողակցին հրամանատարական բարձրագույն կետ՝ բունկեր անձնկան-ընտանեկան նկատառումներով գործուղելու, հասարակության ներսում բևեռացում ստեղծելու, միմյանց նկատմամբ անտագոնիզմ առաջացնելու և այլ հայտնի պատճառներով։

Ինչպես նախկինում, այսօր էլ ուղիղ եթերի ձևաչափով առաջարկում եմ մասնակցել հեռուստաբանավեճի, որտեղ թվարկված և այլ փաստեր վկայակոչելով՝ կհիմնավորվի, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և պետք է հասարակությունը պարտադրի նրա հրաժարականը։

Իշխանությունների հակասահմանադրական և հակաօրինական գործունեության հետևանքով պետությունը գահավիժում է անդունդ, համապատասխան կառույցները անգործության են մատնված, ձևավորված ավտորիտարիզմի պայմաններում վախի մթնոլորտ ստեղծելով և բացահայտ քաղաքական նկատառումներով կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքական գործիչներ և վարվող քաղաքականությանն ընդիմացող ակտիվ երիտասարդներ։

Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար։

Իսկ թե տարածաշրջանային ինչ վտանգավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, ինչ ընթացակարգով ու գործիքակազմով վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում, ինչպես կասեցնել պետության սրընթաց գահավիժումը՝ հաջորդիվ։

Բարին ընդ ձեզ և ի տեսություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել