Հուլիսի 19-ին՝ ժամը 09։56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակում, ինչի հետևանքով հարկի բնակարանները ծխապատվել են։
Փրկարարները բացել են երկու բնակարանների դռները և տարհանել 8 քաղաքացու. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Շենքի այլ հարկերից տարհանել են ևս 15 բնակչի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:41-ին, մարվել՝ 11:05-ին։ Այրվել են էլեկտրական հաշվիչների վահանակը, խորդանոցը՝ կենցաղային իրերով և երկու բնակարանների դռները։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարաններ։