ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի ուղերձը շրջանավարտներին.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Հայաստանի տնտեսագիտական մայր բուհի կեսդարյա պատմության վերջին երկուսից հինգ տարիներին մենք առաջ ենք ընթացել միասին․ ունեցել ենք բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ, հանդես ենք եկել կրթությանը, մեր և ձեր մասնագիտական զարգացմանը, ուսումնական գործընթացի որակի բարելավմանը, ինչպես նաև համալսարանի ենթակառուցվածքների լավարկմանը միտված տարաբնույթ նախաձեռնություններով, համատեղ ջանք ենք ներդրել դրանց իրագործման ուղղությամբ, մշակել ենք ապագայի բազմաթիվ հավակնոտ ծրագրեր, իրականացրել ենք կամավորական աշխատանքներ, ինքնարտահայտվել ենք մեր հետազոտություններով ու հրապարակումներով։
Սիրելի΄ շրջանավարտներ, գիտելիքի և հմտությունների ձեռքբերման ճանապարհը դյուրիններից չէ. մենք դա միասին զգացել ենք տարիներ շարունակ՝ տքնաջան ուսումնառության, վերելքների ու վայրէջքների, թույլ տրված սխալների, դրանց ուղղելուն միտված ջանքերի ընթացքում։ Զգացել ենք մեր ամեն նյարդով։ Սակայն այդ ճանապարհը, վստահաբար, մեզ չի հիասթափեցրել, չի ընկճել, ավելին՝ օգնել է երազել և հետևողականորեն իրագործել այդ երազանքները։
Եվ ուրեմն՝ այս ճանապարհը մեզ դարձրել է առավել համարձակ, իմաստուն, խոհեմ ու համբերատար։ Այս ընթացքում մենք սովորել ենք սովորել, ձեռք ենք բերել վերլուծելու, քննադատաբար և համակարգված մտածելու, փաստահեն և հետազոտահեն որոշումներ կայացնելու հմտություններ, որդեգրել ենք նաև մի շարք առանցքային արժեքներ, ինչպիսիք են բարեվարքությունը, բարեկրթությունը, ազնվությունը, հանդուրժողականությունը, իրավահավասարությունը, հաշվետվողականությունը և աշխատասիրությունը։
Դուք մեր համալսարանն ավարտում եք իբրև կայացած ու արհեստավարժ մասնագետներ և պատասխանատու քաղաքացիներ։ Այսօր մեր հորդորն է՝ հիշե՛ք, որ ձեր հմտությունների պահպանման ու զարգացման միակ գրավականը ցկեանս կրթությունն է։ Հիշե՛ք նաև, որ ձեր ձեռք բերած կարողությունների հիմքում համալսարանն ու այստեղ աշխատող մարդիկ են, որոնք միշտ պատրաստ են կանգնելու ձեր նոր նախաձեռնությունների կողքին՝ անկախ ձեր կարգավիճակից, քանզի ՀՊՏՀ-ականն այսուհետ ձեր կոչումն է։
Մենք վստահ ենք՝ դուք շարունակելու եք պատվով կրել այդ կոչումը և նպաստել մեր ու ձեր համալսարանի հեղինակության բարձրացմանն ու դավանած արժեքների տարածմանը։ Երբե՛ք չշեղվեք այդ արժեքներից։
Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ, որ լինեք լավատես և տոկուն, նույնիսկ, եթե ձեր հետագա ճանապարհը բարդ լինի։ Առջևում ձեզ սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, փորձություններ, միգուցե՝ ծանր հիասթափություններ։ Բայց հենց դրանք են ձևավորում ուժեղ անհատներ։ Աշխատե΄ք և ձեր գործունեությամբ ճանապարհ հարթեք ոչ միայն ձեզ, այլև նրանց համար, ովքեր կգան ձեր հետևից։ Ձգտե΄ք առաջնորդել, ստեղծել և բարեփոխել։
Ձեր հաջողություններն ու հաղթանակները պատիվ են մեզ համար, մի նոր ոգևորության առիթ ու խթան՝ շարունակելու աշխատել ու հավատով նայել գալիքին։
Բարին ձեզ հետ։
Հարգանքով՝
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտոր»: