Քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդված):
Նշենք, որ իրավունքների իրականացման շրջանակներից դուրս գալը կարող է դրսևորվել իրավունքի չարաշահման կամ իրավունքի սահմանանցման ձևով:
Իրավունքի չարաշահման դեպքում անձը իրականացնում է իրեն վերապահված իրավունքները, սակայն այնպես, որ խախտում է այլ անձանց իրավունքները: Ընդ որում, իրավունքի չարաշահումը դրսևորվում է երկու հիմնական ձևերով.
1.իրավունքի չարաշահում այլ անձանց վնաս պատճառելու մտադրությամբ կամ շիկանա և
2. իրավունքի չարաշահում` առանց վնաս պատճառելու մտադրության, սակայն իրականում այլ անձանց վնաս պատճառող:
Ինչ վերաբերում է իրավունքի սահմանանցմանը, ապա այս դեպքում անձն իր իրավունքն իրականացնելիս դուրս է գալիս իր իրավասության շրջանակներից:
Վերոնշյալի քննարկումը ունի ոչ միայն տեսական, այլև պրակտիկ մեծ նշանակություն և կիրառում, քանի որ իրավունքի չարաշահման կամ սահմանանցման դեպքում դրանք կատարած անձի համար օրենքը նախատեսում է որոշակի բացսական հետևանքներ:
Մասնավորապես` Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` վերը նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը, տնտեսական դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում: