ԲԴԽ-ն այսօր՝ հուլիսի 7-ին, քննարկում է դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը կայացվել է մարտի 24-ին։ Հաղորդում ներկայացրած անձը դատավորի վարույթում գտնվող քրեական գործերից մեկով ունի մեղադրյալի կարգավիճակ, ու հարցաքննվել է 2024 թ․ ապրիլի 23-ի կայացած դատական նիստում։ Այս ընթացքում նախագահող դատավորի մեղադրյալին զգուշացրել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին, սակայն նշվում է, որ մեղադրյալին չի պարզաբանվել իր լռելու իրավունքի մասին, դատավորը չի բացատրել վերջինիս ցուցմունք տալու հետ կապված օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այդ ցուցմունքը որպես ապացույց օգտագործելու հնարավորության մասին գրավոր տեղեկացվելու իրավունքները։
Ըստ միջնորդություն ներկայացնող կողմի՝ հարցաքննության ժամանակ մեղադրյալը շատ հարցերի չի ցանկացել պատասխանել։
Հետագայում 2025 թվականի ապրիլի 17-ին կայացված որոշմամբ դատարանը մեղադրյալի այդ հարցաքննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց և պահել վարույթի նյութերում։
Միջնորդությամբ նշվում է, որ մեղադրյալի հարցաքննության արձանագրությունը անթույլատրելի ճանաչելուց և այդ ապացույցի հիման վրա կատարված դատավարական գործողություններն ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի չեն ճանաչվել այն դեպքում, երբ օրենսդրությունն այլ կարգավորումներ է նախատեսում։
ԲԴԽ անդամ Արմենուհի Հարույթունյանը հարցրեց՝ ապացույց անթույլատրելի ճանաչելու հարցի վերաբերյալ որոշումը, երբ կայացվել է դատավորի կողմից, բացատրությունը որ ամսաթվի դրությամբ է պահանջել, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Շահնազարյանը պատասխանեց․
«Երբ բացատարություն ենք պահանջել, դատավորը դիմել է հանձնաժողովին՝ խնդրելով երկարաձգել բացատրություն ներկայացնելու ժամկետը՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ ուսումնասիրման կարիք կա։ Հանձնաժողովը բավարարել է դատավորի այդ միջնորդությունը, և հետաձգման իր խնդրանքը ներկայացրել է մինչև ապրիլի 18-ը, դրանից հետո պարզվել է, որ ապրիլի 17-ին կայացվել է անթույլատրելի ճանաչելու որոշումը։ Հանձնաժողովն արձանագրել է, որ ոչ միայն այդ խախտումները վերացվել են վարույթ հարուցելուց հետո, այլև հենց դատավորի կողմից պահանջած լրացուցիչ ժամկետի ավարտից մեկ օր առաջ»։