Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:

Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Այդ կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը  օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: 

Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                               

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել