«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

ՎԳ-ն (Վազգեն Գալստանյանը) իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Այսպես.

ՎԳ-ն 2024 թվականի ամռան ամիսներին ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժումը և մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել և անցկացրել է հավաքներ և երթեր՝ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներին շարժման համակիրների անհամաձայնությունն արտահայտելու, այդ կերպ համախոհներ ձեռք բերելու և արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունը ստանձնելու նպատակով: Շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չհաջողելով այդ եղանակով շարժման առջև դրված նպատակի իրագործումը և դադարեցնելով քաղաքական բնույթի հանրային միջոցառումները, ՎԳ-ն, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, ինչպես նաև իմանալով, որ սեփական մոտեցումներն արտահայտելու, տարածելու և այդ եղանակով համակիրներ ձեռք բերելու հնարավորությունը կարող է իրացվել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության և հավաքների ազատության իրավունքների իրացմամբ և որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես իշխանությունը ստանձնելու օրինական եղանակ նախատեսում է ընդհանուր, հավասար և ազատ ընտրությունները, «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին:

Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում ՎԳ-ն, ՄՇ-ն, ՀՇ-ն, ՏՓ-ն, ԼՄ-ն, ՀՀ-ն, ԻՍ-ն, ԱՌ-ն, ԱՂ-ն, ԱԻ-ն, ԱԱ-ն, ՄՄ-ն, ԴԳ-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից: Հանցավոր խմբի կողմից պլանավորվել է, որ հարվածային խմբերը ձևավորելուց և նախատեսված առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելուց հետո՝ ՎԳ-ի կողմից համապատասխան առիթով դժգոհությունն արտահայտելու համար կոնկրետ ժամին ՀՀ կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո հարվածային խմբերը պետք է տեղակայվեն նախապես որոշված իրենց տեղերում և ոչ մի դեպքում չպետք է միանան իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին: Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով՝ դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում՝ 24-ից 36 ժամվա ընթացքում կատարելով և ՀՀ բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով:

Ընդ որում, հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներ»–ին։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով ՎԳ-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ: Հանցավոր խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը՝ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, ՀՀ Կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով՝ արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից:

Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», և շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:

ՎԳ-ն և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող վերը նշված գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հանցավոր խմբի բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է չտրվել հանցավոր խմբի սադրանքներին ու դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                                      

                                                                             

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել