ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները քննարկվել են միջազգային գործընկերների հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, ինչպես նաև դրանում Արդարադատության նախարարության դերը՝ անդրադարձ կատարելով 2025թ․ փետրվարի 11-ին և ապրիլի 8-ին ՀՀ այց կատարած ԵՄ փորձագիտական առաքելությունների հետ հանդիպումներին:

Վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում Պավել Բուսիակիևիչն առանձնացրել է առանցքային բարեփոխումների ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործմանը, արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված քաղաքականություններին։ Աննա Կարապետյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքին, խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ նոր ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացին, ինչպես նաև ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների և քաղաքականության զարգացման տեսլականը։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սերտ համագործակցության՝ վիզաների ազատականացման գործընթացի շարունակականությունն ու արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել