ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։

Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, թե՝ «հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»։ Այս հայտարարությանը նախորդել էր News.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանի անդրադարձը՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից Կաթողիկոսին և որոշ հոգևորականների թիրախավորելու խնդրին։

Ավելի ուշ լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում Փաշինյանը պնդել էր, որ Կարապետյանի հայտարարությունը կապ չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ եկեղեցու շահերի հետ:

«1 ամիս առաջ հանձնարարել էի, որ ՀԷՑ-ի կողմից քաղաքացիներին հասցված վնասը վերականգնվի, կամ էլ ՀԷՑ-ն ազգայնացվի: Ժամկետը սպառվում է հունիսի 21-ին, այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ դրա հետ»,- ասել էր վարչապետը:

Կարապետյանը հարցաքննվել էր, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անելը ԶԼՄ-ով:

Դատարանի որոշմամբ Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել