«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հայտարարությունը․
«Դալմա Գարդեն Մոլը արդեն ավելի քան տասը տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է, բայց Դալման երբեք միայն առևտրի կենտրոն չի եղել։ Դալման հազարավոր աշխատատեղեր ստեղծեց, դարձավ երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի վայրերից մեկը և, ամենակարևորը, դարձավ համայնքի զարգացման կարևոր շարժիչ ուժ։
Դալման միշտ նախաձեռնել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, կրթաթոշակներ, բնապահպանական և հայրենիքի պաշտպանությանը միտված նախաձեռնություններ՝ հավատալով, որ բիզնեսը պարտավոր է փոխհատուցել այն համայնքին, որը ոգեշնչում է նրան և հնարավորություն տալիս զարգանալ։
Դալմայի բացումից հետո Հայաստանը իր վրա հրավիրեց մի շարք նոր միջազգային ներդրողների ուշադրությունը, որը փոխեց մեր քաղաքի առևտրային միջավայրը։
Շատերը գուցե չգիտեն, որ Դալման հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ և վերը նշված ձեռքբերումների հետևում կանգնած է մի մարդ՝ Դալմա Գարդեն մոլի հիմնադիր, անվանի գործարար և բարերար՝ Սամվել Կարապետյանը։ Նա էր, ով տարիներ առաջ հավատաց մի գաղափարի, որն այն ժամանակ անիրական էր թվում և մյուսներին վարակեց իր հավատով ու ոգևորությամբ։
Այսօր, երբ մեր Հիմնադիրն անցնում է անարդար դժվարություններով, մենք՝ Դալմա Գարդեն Մոլի ողջ թիմը, մեր սրտի խորքից մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում պարոն Սամվել Կարապետյանին, ակնկալելով վերջինիս շուտափույթ ազատ արձակումը։ Նա տարիներ շարունակ եղել է այն առաջնորդը, որի ջանքերով մեր երկրի տնտեսությունը աճել է, ստեղծվել են երկու տասնյակ հազարից ավել աշխատատեղեր, և համայնքները զգացել են այդ բարեգործ ձեռքի ջերմությունը։
Այս օրերին մենք կանգնած ենք նրա կողքին՝ վստահ լինելով, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր համոզմունքը և կանգնած են մեր հիմնադրի կողքին։ Մենք հավատում ենք նրա ներդրած արժեքներին՝ մարդկայնությանը, արդարությանը և անշահախնդիր նվիրումին մեր երկրի ու ժողովրդի համար»։