Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ հունիսի 22-ին, նշվում էր Հայոց Եկեղեցու մեծ տոներից Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:
Տոնի առթիվ դուրս էին բերվել Սուրբ Էջմիածնի մի շարք սրբազան մասունքներ, որոնց հաղորդակիցը լինելու համար Մայր տաճար էին այցելել բազմաթիվ հավատացյալներ, պաշտոնյաներ, բարերարներ, ներկա էին հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Սակայն այս կարևոր օրն էլ չանցավ առանց միջադեպի։ Մասնավորապես, փորձ կատարվեց արատավորել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, ազգային բարերար Գաբրիել Ջեմբերջյանի անունը։
Ի պատասխան լրագրողների, այդ թվում Սյուզի Բադոյանի հարցերին Գաբրիել Ջեմբերջյանը տալիս էր շատ բարեվարք պատասխաններ, մինչև այն պահը, երբ լրագրողը դուրս գալով լրագրողական էթիկայի սահմաններից սկսեց սադրիչ հարցեր տալ։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է մասնակցել Աննա Հակոբյանի հետ ընթրիքին, նա ասաց․ «Ես իմ հայրենիքին եմ վճարել, ես ոչ Փաշինյանին եմ վճարել, ոչ Սերժ Սարգսյանին, ես Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ եմ հայրենիքի համար վճարել։ Ես այդ փողը տվել եմ, որ լավ գործեր արվեն։ Բոլորն էլ սխալներ անում են, ես չեմ ասում, որ Քոչարյանը սխալներ չի արել, Տեր-Պետրոսյանը սխալներ չի արել։ Ես հայ եմ, ես եկեղեցի սիրող մարդ եմ, ինձ քաղաքականություն մի մտցրեք»։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Iravaban.net-ի հարցին ի պատասխան ասաց, որ տեղի ունեցածը լրագրողի կողմից լրագրողական բարեվարքության և էթիկայի նորմերի կոպտագույն խախտում էր․ «Անթույլատրելի է լրագրողի նման վարքագիծը։ Շատ կարևոր էր նաև հաշվի առնել գտնվելու վայրը, և երկրորդ պլանում չդնել տոնի էությունն ու իմաստը, որ նշվում էր Մայր Տաճարում։ Հավատացյալները եկել էին հաղորդակից լինելու սրբազան մասունքներին, մինչդեռ լրագրողի նման ոչ բարեվարք պահվածքի հետևանքով ականատես եղան տհաճ միջադեպի»։
Կարեն Զադոյանը նաև նշեց, որ լրագրողների նմանատիպ ոչ բարեվարք վարքագիծը կարող է բացասական ազդեցություն ունենալ անձանց հանրային կերպարի վրա։
Լուսանկարը վերցված է համացանցում տարածված տեսանյութերից։