Մեր ընտանիքը լուրջ փորձության միջով է անցնում, սակայն դժվարություններն ավելի ուժեղ ու ամուր կդարձնեն մեզ։ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը, հոր կալանավորումից հետո նման գրառում է արել Instagram-ի իր էջում` կից հրապարակելով լուսանկար, որտեղ ինքն ու հայրն են` շատ տարիներ առաջ։
«Նա միշտ հիշեցնում էր մեզ, թե ով ենք մենք, որտեղից ենք, և ինչ արժանապատվությամբ ու սիրով պետք է կրենք հայի մեր ազգային պատկանելությունը։ Հայրենի հողի հանդեպ այդ սերը մեզ համար դարձել է ոչ միայն դաստիարակության մի մաս, այլ մեր ներքին մշակույթի առանցքը: Ես հպարտ եմ ոչ միայն նրա ձեռքբերումներով, այլև նրանով, որ նա կարողացել է փոխանցել մեզ հայրենիքի հետ կենդանի կապի զգացումը ողջ կյանքի համար»,-գրել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը, որտեղ ինքը մեծացել է, ոչ միայն ընտանեկան կապերն են, այլև ամենօրյա աշխատանքը, փոխադարձ աջակցությունը և գիտակցված հավատարմությունը սեփական արմատներին:
«Այսօր, որպես ծնող, ես հատկապես լավ եմ հասկանում, թե որքան կարևոր է այս արժեքները փոխանցել ապագա սերունդներին: Ընտանիքը, որտեղ ես մեծացել եմ, ոչ միայն ընտանեկան կապեր են, այլև ամենօրյա աշխատանք, փոխադարձ աջակցություն և գիտակցված հավատարմություն սեփական արմատներին: Սա մեր ծնողների և տարեցների սիրո, ջանքերի և մշտական հոգատարության արդյունքն է։
Մեզանից յուրաքանչյուրը անհատականություն է: Բայց միասնության մեջ է, որ մենք ուժեղ ենք դառնում: Ուժը դրսևորվում է ոչ թե մեկուսացված ժեստերով, այլ միասին լինելու ունակությամբ, հատկապես, երբ դա իսկապես կարևոր է»,-նշել է նա:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով․ «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։