«Սամվել Կարապետյանի նման հայազգի բարերար անձնավորությանը կալանքի են տանում»․ փաստաբան

«Մեղադրանքը բացարձակ ապօրինի է, իրականության հետ որևէ աղերս չունի, քանի որ Կարապետյանը նման կոչեր չի հնչեցրել։ Յուրաքանչյուր բանական մարդ կարող է դա լսել և համոզվել, որ նրա հայտարարությունում իշխանությունը յուրացնելու կոչեր չկան»,-լրագրողների հարցադրմանն ի պատասխան ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։

Նա նշեց, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

«Նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, տուգանք պատժատեսակ, նաև՝ հանրային աշխատանքներ։ Նման  հոդվածով անձին կալանքի ներկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ համապատասխան հոդվածը վերաբերում է Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։

Ըստ հոդվածի 2-րդ մասի՝ անձը պետք է պատժվի տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել