Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը։
Դատավարության մասնակիցները և այլ անձինք դատարանին դիմում են «պատվարժան դատարան» արտահայտությամբ, դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահողը թույլատրում է հաղորդակցվել նստած։
Դատական նիստն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դահլիճում ներկաների անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ կարգուկանոնը։
Դատավարության մասնակիցները և դռնբաց դատական նիստին ներկաներն իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն։
Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, հեռարձակումը։
Դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ: