ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք:
«Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի նման վարքագիծը, լրագրողի նկատմամբ բռնությունը և ընդգծում, որ լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր: Պաշտպանը պահանջում է, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով:
Նշենք նաև, որ Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:
Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի և լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու դեպքի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից»,-նշվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում «կարմիր բերետավորը» մտածված, նպատակային հարվածում է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է լրագրողը հարցադրման նպատակով մոտենում բողոքի ցույցը ցրող ոստիկանին, իսկ վերջինս կոպիտ պահվածք է ցուցաբերում, կոպիտ խոսում, հետո էլ հարվածում լրագրողին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել։