Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունիսի 13-ին, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանող կողմի ներկայացուցիչները նիստին պատշաճ ծանուցվել, սակայն չէին ներկայացել։ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հանդես եկավ դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ՝ հայտնելով, որ դա պայմանավորված է Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ։
Նա հայտնեց՝ այն ազդեցություն կունենա այս գործով ներկայացված հայցադիմումի բովանդակության վրա, սակայն իրավասու մարմինն այս պահին դեռևս չունի վերջնական ձևավորված գնահատական ազդեցության չափի վերաբերյալ, ուստի խնդրեց 2 ամսով հետաձգել նիստը։
Գործով նոր ներգրավված փաստաբան Արմեն Հարությունյանն ասաց՝ եթե այդ դիրքորոշումը կապված է հայցի հիմքի և առարկայի բովանդակության, վերահաշվարկի և այլ հարցերի հետ, ապա չի առարկում, որպեսզի նիստը հետաձգվի և սահմանված կարգով այդ փոփոխությունները կատարվեն, ինչից հետո հնարավորություն ունենան վերջնական դիրքորոշում ներկայացնելու։
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին։