ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին»: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում քննարկմանը:
Նախորդ անգամ հարցի քննարկումը չեղարկվել էր: Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել էր. «Պատճառն այն է, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք պետք է քննարկենք, և հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնելու, լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»:
Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում։ Հանձնաժողովում օրինագիծը 5 կողմ, 4 դեմ ու 1 ձեռնպահ ձայներ ստացավ։ Սկզբում հավաքվածները մտածում էին, որ փաթեթն ընդունվել է, սակայն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ այն չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։
Նախագիծը պետք է քննարկվի լիագումար նիստերի օրակարգում։ Նախքան քվեարկությունը հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախագծի հեղինակին՝ իր գործընկեր Հայկ Սարգսյանին, կոչ արեց փաթեթը ժամանակավոր հանել օրակարգից։ Սարգսյանը հայտարարեց, որ չի գնա այդ քայլին, նա ասաց, որ Անդրանիկ Քոչարյանը սկզբում կողմ էր նախագծին, այնուհետև սկսեց դեմ արտահայտվել ու չմասնակցել քննարկումներին։ Սարգսյանի այս ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, Քոչարյանը հայտարարեց, որ նա սուտ է ասում։
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է՝ բացի 24 ամիս տևող ծառայությունից ներդնել նաև 6 ամիս տևող ծառայություն՝ պետական բյուջեին 18 մլն դրամ վճարելու դեպքում կամ 1 ամիս՝ 24 մլն դրամ վճարելու դեպքում։ Բացի այդ, առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր առաջարկ՝ «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ ի օգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։