Հունիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստը սկսվել է Հանձնաժողովի նախագահ Արմեն Աբազյանի բացման խոսքով: Արմեն Աբազյանը ներկայացրեց նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ վերահաստատելով Հանձնաժողովի հանձնառությունը՝ շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր և համակարգված աշխատանքը:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Հանձնաժողովին ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ Կոմիտեում կատարվող քննության արդյունքները:
Այնուհետև քննարկումներ են ծավալվել Հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը հույս հայտնեց, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը: