Բոլորիս համար գաղտնիք չէ, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հիմնական գործառույթը հանդիսանում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների գրանցումը, հաշվառումը, դրանց վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը, այդ տվյալների պահպանումը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց տրամադրումը և այլն: Նշված դրույթները ամրագրված են նաև 2002 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված թիվ 1930-Ն որոշմամբ, որով հաստատվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կանոնադրությունը: Այսինքն կադատրի համակարգի հիմնական առաքելությունը կայանում է իրավունքների գրանցման և արդյունքում դրանց պետականորեն ճանաչման և պաշտպանության մեջ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից: Այսինքն ամրագրված է այն կանխադրույթը, համաձայն որի եթե չկա գրանցված իրավունք, ապա չկա նաև ծագած իրավունք, որը հակասում է ընդհանրապես իրավագիտության ողջ տրամաբանությանը հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինեու իրեն պատկանող գույքը: Այսինքն իրավահարաբերությունների առաջացումը պայմանավորված է և ծագում է սուբյեկտի կողմից համապատասխան կամքի արտահայտման պահից: Այս պարագայում, երբ սեփականատերը արդեն իսկ արտահատել է իր կամքը և նոտարական կարգով վավերացված պայմանագրի միջոցով կնքել է իրեն պատկանող անշարժ գույքի օտարման պայմանագիր, արդեն իսկ ծագել (դադարել) են իրավունքները` անկախ պետական գրանցման պահից: Պետական գրանցումը ընդամենը հանդիսանում է արդեն իսկ ծագած իրավունքների գրանցման միջոց, որի միջոցով պետությունը ճանաչում է անշարժ գույքի նկատմամբ սուբյեկտների իրավունքների փոփոխությունը և երաշխավորում նոր սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը: Հակառակ տրամաբանությունը, այսինքն երբ իրավունքների ծագումը կախվածության մեջ է դրվում պետական գրանցման հանգամանքից, լրիվ անհեթեթ է և խաթարում է իրավագիտության ակունքները, քանի որ ստացվում է, որ սեփականատերն արտահայտել է իր կամքը, սակայն դա որևէ հետևանք չի առաջրել, քանի դեռ կադաստրի համապատասխան աշխատակիցը չի իրականացրել իր <<կամքը>>: Այս պարագայում նաև լիովին անհասանալի է ՀՀ օրենսդրի հետևյալ տրամաբանությունը. <<եթե չկա ծագած իրավունք, ապա ինչը պետք է պետական գրանցման ենթարկվի>>: Նշվածը հաշվի առնելով գտնում եմ, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ օրենսդրությունում` օրենսդրական մակարդակով սահմանելով իրավունքների պետական գրանցումը` որպես ծագած իրավունքների ճանաչման և պաշտպանության միջոց հանդսանալու հանգամանքը, որը հնարավորություն կտա տարբերակել իրավունքների ծագումը դրա ձևակերպումից, ճանաաչումից և պաշտպանությունից:
Հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ պետական գրանցմանը տրված այդպիսի բացառիկ և անվերապահ նշանակությունից, կադաստրի աշխատակիցները գործնականում բավականին հաճախ չարաշահում են իրենց տրված լիազորությունները և կատարում են իրենց իրավունքների վերազանցում: Այսպես, նրանք մոռացության են մատնում իրենց` որպես գրանցող մարմնի կարգավիճակը և անհիմն պատճառաբանություններով մերժում են իրավունքների պետական գրանցումը` անձանց զրկելով ՀՀ սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքից: Այդ մերժումները նույնիսկ այնպիսի <<զավեշտալի>> պատճառաբանությունների են հասնում ինչպիսիք են վաղեմության ժամկետներն անցած վարչական տույժերի վճարված չլինելը, որը որևէ առնչություն չունի կադաստրային գործունեության հետ: Պատկերը ավելի ակնառու և ամբողջական է դառնում այն պարագայում, երբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցումը մերժվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պարագայում: Հարկ է նշել, որ սա հանդիսանում է կադաստրի աշխատակիցների անօրինական գործելակերպ, որը ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Այս պարագայում ՀՀ օրենսդրությամբ պետք է ապահովվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չիրականացրած կադաստրի համապատասխան պաշտոնատար անձի պարտադիր վարչական, քրեական կամ կարգապահական պատասխանատվությունը (<<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մաս): Միևնույն ժամանակ պետք է օրենքով հստակ սահմանվի, որ պատասխանատվության համապատասխան տեսակի ենթարկելը կադաստրի աշխատակցին չի ազատելու իրավունքների չգրանցման հետևանքով անձանց պատճառած բոլոր վնասները հատուցելու պարտականությունից: Այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, սակայն առկա են եղել որոշակի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել դատարանին և խոչընդոտում են իրավունքների պետական գրանցմանը, ապա այս պարագայում կադաստրի համապատասխան ստորաբաժանումը պետք է կասեցնի իրավունքների պետական գրանցման գործընթացը (այլ ոչ թե մերժի գրանցումը, ինչպես անում է գործնականում) և դիմի ակտը կայացրած դատարանին` նոր հանգամանքների ուժով կամ լրացուցիչ վճիռ կայացնելու ճանապարհով լուծելու առկա խոչընդոտների վերացման ենթակա հարցերը: Հակառակ պարագայում ստացվում է, որ կադաստրը չի ենթարկվում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջներին և վեր է կանգնած դատարանից, ինչը բոլոր պարագայում անթույլատրելի է:
Իմ կարծիքով որպես կադաստրի աշխատակիցների կողմից հնարավոր չարաշահումները մեղմելու տարբերակ կհանդիսանա ՀՀ օրենսդրության հետևյալ փոփոխությունը, համաձայն որի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների` ճանաչման համար պետական գրանցման ենթակա բացառիկությունից կսահմանվի 3 բացառություններ, որոնց դեպքում այդ իրավունքները կճանաչվեն և կպաշտպանվեն պետության կողմից` անգամ պետական գրանցում ստացած չլինելու պարագայում.
- օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված (հաստատված) սեփականության իրավունքի առկայությունը,
- օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում (ժառանգատուի հետ համատեղ բնակվող ժառանգի կողմից գույքը փաստացի տիրապետելը և հոգ տանելը, և այլն)
- վերադաս մարմնի որոշմամբ կամ դատարանով հաստատված ակտի առկայությունը, որով հաստատվել է իրավունքների պետական գրանցման անհիմն մերժելու հանգամանքը (տվյալ դեպքում իրավունքների ճանաչման սկիզբ պետք է համարել առաջին անգամ կադաստրի կողմից պետական մերժման օրը):
Ամփոփելով վերոգրյալը, կուզենայի ևս մեկ անգամ շեշտել կադաստրի` որպես զուտ գրանցող մարմին հանդիսանալու հանգամանքը և կարգավիճակը, որը շատ հաճախ մոռացվում է հենց կադաստրի աշխատակիցների կողմից և կատարվում են իրավունքների չարաշահումներ: Նշված հանգամքնը իր արտացոլումն է գտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2006թ. սեպտեմբերի 28-ին թիվ 3-1640 ՎԴ գործով կայացրած որոշման մեջ, որով սահմանել է հետևյալը. <<Գրանցման համար ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգին համապատասխան կազմված լինելու հանգամանքի ստուգումը պետք է հանգի փաստաթղթերի կազմի, դրանցից յուրաքանչյուրի ձևի և բովանդակության խնդիրներին, այլ ոչ թե այդ փաստաթղթերի հետ չառնչվող այլ փաստաթղթերի ուսումնասիրությանը, այդ փաստաթղթերից զատ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին, որևէ սուբյեկտի` օրենքով չնախատեսված կարծիքին կամ եզրակացությանը հղելուն կամ որևէ սուբյեկտի իրավասության խնդրին: