Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը և 7 անձ ձերբակալվել են կրակոցների, ծեծկռտուքի գործով, այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 8-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), 335-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
8 անձ ձերբակալվել է, այդ թվում Արզնիի համայնքապետը: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,-նշեցին ՔԿ-ից։