Ի պատասխան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 06.06.2025թ. տարածված այն հայտարարության, որով վերջինս հորդորել է ՀՀ փաստաբանների պալատին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող եւ չճշտված տեղեկություններ տարածելուց, ներկայացնում ենք 27.05.2025թ. «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակում իրականացված խուզարկության վերաբերյալ տեսանյութը:
Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը։
«Տեսանյութում ակնհայտ երեւում է, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն ակտիվ որոնողական գործողություններ են իրականացնում փաստաբանի աշխատանքային տարածքում, բացում են աշխատասեղանին դրված թղթապանակները, աշխատասեղանի դարակները, ուսումնասիրում են դրանց մեջ առկա փաստաթղթերը՝ ծանոթանալով բովանդակությանը: Այս գործողությունները հանդիսանում են միջամտություն փաստաբանական գործունեությանը, ինչն արգելվում է «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով:
Բացի այդ, նախաքննական մարմինը վերցրել է նաեւ փաստաբանների համակարգիչներն ի հակասումն «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առ այն, որ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը եւ տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները եւ այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
Հիշեցնենք, որ 06.06.2025թ. ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն էր տարածել «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների իրերի խուզարկության եւ համակարգիչների առգրավման առնչությամբ»,-նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ, որում ասված է․ «ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանվում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։
Խուզարկության ընթացքում պարզվել է, որ նույն ընդհանուր աշխատասենյակում է գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի աշխատանքային սեղանը, որի մասին տեղեկանալով՝ վարույթն իրականացնող քննիչն այդ հատվածը չի խուզարկել, այդ հատվածից համակարգիչներ կամ այլ իրեր չի վերցրել /քննչական գործողությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է/։
Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ եթե պարզվի, որ «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության զբաղեցրած հատվածից վերցված համակարգիչներից որևէ մեկը պատկանում է վարույթի հետ առնչություն չունեցող անձի, ապա այն կվերադարձվի վերջինիս՝ խստորեն պահպանելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության երաշխիքները։