Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Ո՞ւր եք Երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր… Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում:
Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել…
Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի և նրա Ազգընտիր ու Աստվածարյալ Հայրապետի վրա սուր բարձրացնել:
Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,-նշել է նա՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի գրառման:
Վարչապետն այսօր գրել է․ «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։
Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։
Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։