2025 թվականի հունիսի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երեք հարց:
1. «Ռադիո ալիք» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
2. «Մայ նետ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 5 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
3. «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 29 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց բավարարել «Ռադիո ալիք» ՍՊ ընկերության 2025 թվականի մայիսի 26-ի հեղինակազորման հայտը և պաշտոնապես սահմանել այն որպես տեսալսողական մեդիծառայություն մատուցող:
Նշված որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ կերպով իրազեկելու օրվան հաջորդող օրը:
Երկրորդ հարցը վերաբերվում էր «Մայ նետ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին: Հիմք ընդունելով «Վի Էմ տելեպրոջեքթ» ՍՊ ընկերության դիմումը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջները՝ Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 28-ին կայացրել է «Մայ նետ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ՝ լիցենզիայի 30 օր ժամկետով կասեցման մասին որոշում։
Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է, որ ցանցային օպերատորը դիտարկված ժամկետում կրկին չի վերացրել օրենքով նախատեսված խախտումները, այդ թվում՝ չի ներկայացրել տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավունքը հաստատող փաստաթղթեր և անհրաժեշտ տեղեկություններ։
Քանի որ «Մայ նետ» ՍՊԸ-ն մեկ տարվա ընթացքում արդեն երեք անգամ ենթարկվել է վարչական տույժերի նույն խախտման համար և չի կատարել անհրաժեշտ քայլերը, Հանձնաժողովը դադարեցրել է ընկերության ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը։
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ ծանուցելու հաջորդ օրվանից։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում՝ ուժի մեջ մտնելու օրվանից սկսած երկամսյա ժամկետում։
Երրորդ հարցը վերաբերում էր «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը: Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 17-ին հարուցել է թիվ 29 վարչական վարույթ «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերության նկատմամբ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի հնարավոր խախտման հատկանիշներով։
Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մարզական հավաքականների մասնակցությամբ կարևոր իրադարձությունների ամբողջական հեռարձակման բացառիկ իրավունքը վերապահված է միայն Հանրային հեռարձակողին։ Չնայած այդ դրույթին՝ 2025 թվականի մարտի 20-ին՝ ժամը 21։00-ին, և մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին, «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ն իր «Ֆասթսպորտս» տեսալսողական ծրագրով հեռարձակել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ օֆֆ փուլի «Հայաստան-Վրաստան» և «Վրաստան-Հայաստան» ֆուտբոլային հանդիպումները։
Հեռարձակողին վարույթի հարուցման վերաբերյալ պատշաճ ծանուցում է ուղարկվել 2025 թվականի ապրիլի 18-ին։ Հեռարձակողը 2025 թվականի մայիսի 13-ին ներկայացրել է իր պարզաբանումները, որոնք ներառված են վարույթի շրջանակում ընդունված որոշման մեջ։ Նշված որոշման մեջ փաստաթղթորեն արձանագրված են թիվ 29 վարչական վարույթի համատեքստում հիմնավոր նշանակություն ունեցող տասնյոթ էական փաստական հանգամանքներ։
Հանձնաժողովը վերահաստատում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը հանդիսանում է անմիջական կիրառելի իրավական նորմ՝ բավարար իրավաբանական ուժով և իրավական որոշակիությամբ, որը վերապահում է Հայաստանի Հանրապետության մարզական հավաքականների մասնակցությամբ կարևոր իրադարձությունների ամբողջական տարածման բացառիկ իրավունքը բացառապես Հանրային հեռարձակողին։ Նշված դրույթը հստակ արգելում է այլ հեռարձակողներին առանց համապատասխան իրավական համաձայնության իրականացնել նմանատիպ հեռարձակում։
«Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հիմնավորումները՝ ըստ որոնց ընկերությունը հանդիսանում է ՈՒԵՖԱ-ի բացառիկ գործընկեր կամ Ազգերի լիգայի պաշտոնական հեռարձակող և իրեն շնորհված է մի շարք իրավունքներ, այդ թվում նաև նշված ֆուտբոլային հանդիպումների ՀՀ տարածքում հեռարձակման բացառիկ իրավունքներ, չեն կարող վերացնել կամ փոխարինել տեսալսողական օրենսդրությամբ սահմանված կարգավորումներըրը։
Թեև Հանձնաժողովը չի վիճարկում «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև 2021 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված մեդիա իրավունքների պայմանագրի իրավաչափությունը, այնուամենայնիվ, հիշյալ պայմանագիրը չի ապահովում ընկերությանը իրացնել օրենսդրությամբ նախատեսված այն բացառիկ հեռարձակման իրավունքը, որը վերապահված Հանրային հեռարձակողին։
Հեռարձակողը պատասխանատվություն է կրում իր տարածած տեսալսողական բովանդակության իրավաչափության համար և պարտավոր է խստորեն պահպանել ոլորտը կարգավորող օրենսդրական պահանջները։ «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի գործողությունները համարվում են տեսալսողական մեդիայի ոլորտում սահմանված իրավական կարգի խախտում, որը ենթադրում է համապատասխան պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 20-րդ մասով՝ Հանձնաժողովը որոշել է «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 492.404 (չորս հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր չորս) ՀՀ դրամի չափով։
Նշված որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ կերպով իրազեկելու օրվան հաջորդող օրը, և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում՝ ուժի մեջ մտնելու օրվանից սկսած երկամսյա ժամկետում: