«Ասելո՞ւ ենք՝ մենք չենք, էս չինովնիկնա․ նստած ա, իրեն էշի տեղ ա դրել». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները:

Ըստ նրա, վերջին կետը վերաբերում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը: Նրա խոսքով, 2016 թվականին «Վեոլիա Ջրին» վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել. «Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա Ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա Ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանն այստեղ որևէ մեղք չունի:

Արձագանքելով Արեյանին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կոյուղու հետ կապված խնդիրները ներկայացվում են՝ խեղաթյուրելով տեղեկատվությունը. «Համոզված եմ, որ դա հատուկ է արվում»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի, սա քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարց չէ. «Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա Ջրին»: Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Շնորհակալ եմ գործընկերներին: Բայց կարծում եմ՝ սա միանգամյա ծրագիր չպետք է լինի»,- ասել է նա՝ կարևորելով հստակեցնել, թե որ հարցը ում պատասխանատվության տակ է. «Եկեք օրենքով հստակեցնենք դա, տեղափոխենք մեր իրավասության դաշտ, մենք էլ կիմանանք, որ դա մեր պարտականությունն է, և կսկսենք պլանավորել համապատասխանաբար»:

Քաղաքապետը նշել է, որ մեկ շաբաթում 400 վթար է եղել. «Քաղաքապետարանը լուծում է խնդիրներ, որոնք իրենը չեն: Հիմա եկեք հասկանանք՝ ով է պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն է, գնա, արա: Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանն այս է, քաղաքապետարանն այն է: Վերջում ասում ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, այս մարդն է, այս մարդն է, այս պաշտոնյան է: Նստած է, իրեն էշի տեղ է դրել, քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի։ Մարաղը մտած, սենց ինքը չի երևում։ Է հետո, լավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել