Հունիսի 9-ին՝ ժամը 00:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են Opel Astra և VAZ մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Opel Zafira մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված VAZ մակնիշի ավտոմեքենային՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն:
Ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:07-ին: Այրվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենան: