Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:

Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:

Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին՝ մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը:

Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ:

Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր:

Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել