Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը.
«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի նախագահի հարգելի՛ տեղակալ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Հարգելի՛ ներկաներ,
Սիրելի՛ ժողովուրդ,
Արդեն 13-րդ անգամ եմ Ազգային ժողովում մասնակցում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին. վեց անգամ մասնակցել եմ՝ որպես պատգամավոր և ահա յոթերորդ անգամ մասնակցում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ բոլոր այդ քննարկումներում այս կամ այն չափով ընդգծել եմ, որ պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան՝ բովանդակություն: Եվ կարևորագույն խնդիր եմ համարում բյուջեի էության, այս էության ըմբռնումը ոչ միայն Կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների, այլև ողջ հանրության համար։
Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին: Ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել և դարձնել բովանդակային տեքստ, և բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով:
2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ: Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է: Այս թիվն արտահայտում է մեր, բոլորի աշխատանքի արդյունքը՝ վարչապետ, Կառավարություն, Ազգային ժողով, Կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև՝ քաղաքացիներ, խոսքը բոլոր, առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է: 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասն աշխատել է: Ի դեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել: 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782832 աշխատատեղ, որը 192613-ով կամ 32 տոկոսով ավելի է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից: Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավելի է 242119-ով կամ 44,7 տոկոսով: Այսինքն՝ այս պահին արդեն լիարժեք ամփոփված մեր վերջին տվյալն է սա, մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն:
Այսինքն՝ 2018 հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242119 աշխատատեղ, ընդ որում՝ աշխատավարձով ապահովված: Եվ կարևոր եմ համարում ասել՝ ես գիտեմ, որ շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների վերաբերյալ, բայց այս վիճակագրությունն ավելի քան վստահելի է, ինչո՞ւ, որովհետև այս աշխատատեղերը կոնկրետ մարդկանցով, անուն-ազգանուններով, վճարված աշխատավարձերով և աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկով ապացուցելի է: Այսինքն՝ սա մի թիվ է, որը չի կարող ընդհանրապես որևէ առարկության տրվել։
2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130000 դրամ կամ 75 տոկոս՝ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս: Սա թերևս հարցի պատասխանն է կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, որովհետև մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, թե ավելի վատ 2018 թվականի համեմատ։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենք իրենց կյանքից: Նախ, ասածս վերաբերում է աշխատող մարդկանց, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մեզ տեսանելի աշխատող մարդկանց թիվն էականորեն ավելացել է, երկրորդն էլ՝ մարդիկ ինչո՞ւ կարող են գոհ չլինել իրենց կյանքից: Մի շատ պարզ, հասկանալի և լեգիտիմ պատճառով, որովհետև մարդիկ ուզում են ավելի լավ ապրել և ուզում են ավելի լավ ապրել ինչու՞, որովհետև տեսնում են, այսօրվա Հայաստանում տեսնում են, որ ավելի լավ ապրելը հնարավոր է:
Այսինքն՝ սա էլ է շատ կարևոր հանգամանք, որովհետև մարդիկ կարող են տեսնել, որ ավելի լավ ապրելը հնարավոր չէ՝ համաձայն այն ասացվածքի, որ «մի քիչ էլ կվատանա ու այդպես էլ կմնա»: Փաստորեն հիմա այս տրամաբանությունը որոշակի փոփոխություն է կրել, մարդիկ չեն ուզում, որ «մի քիչ էլ վատանա ու այդպես մնա»: Այս մեր ապացուցելու թվաբանությունը ցույց է տալիս, որ լավացել է, բայց և՛ քաղաքացիները, և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովի մեծամասնությունն առավել ևս՝ լեգիտիմ կերպով համարում են, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից: Եվ, հետևաբար, մեր խնդիրը ոչ միայն այս թվաբանության աճն ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է, որին ավելի ուշ կանդրադառնամ։
Բայց ուզում եմ ընդգծել նաև, մի փոքր առաջ անցնելով, որ այդ գոհունակության ընկալումը շատ ուղիղ կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների հետ։ Այսինքն՝ ապրելուց, կյանքից գոհ լինելը կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների և պետական բյուջեի հետ: Բայց մինչ այդ, մեկ ուրիշ թիվ էլ մեջբերեմ։
2025 թվականի ապրիլի ընդհանուր՝ բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Սա, կրկնում եմ, բոլոր աշխատողների, բոլոր գրանցված աշխատավարձն է, և այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով կամ, խնդրում եմ ուշադրություն, 153 տոկոսով։
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է, երկուսուկես անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել, ես օրինակ մտածում էի ի՞նչ մեկնաբանեմ, ի՞նչ մեկնաբանություն տամ ես այս թվին: Այս տարբերությունը շատի ու քչի մասին չէ ամենևին, որովհետև սա մի դեպք չէ, որ ասենք՝ տեսեք, այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է, սա տարբերություն է պետության և չպետության միջև։ Մենք չենք կարող այս թվերը համեմատել, ասել՝ տեսեք, թիվն այն ժամանակ ինչքան քիչ է եղել, հիմա ինչքան շատ է, որովհետև սա այդ կատեգորիայի և այդ հարթության մասին չէ։ Սա պետության ու չպետության մասին է։
Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին՝ չեմ ժխտի, որ այստեղ մտնում են թե՛ այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են երեքից չորս միլիոն կամ նույնիսկ ավելի աշխատավարձ, թե՛ այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80 000 դրամ աշխատավարձ, նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ մեկ քառորդ դրույքով և ստանում են, ասենք՝ ավելի քիչ: Այսինքն՝ այս բոլոր աշխատավարձերի հանրագումարն է։
Եվ այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է՝ բարձր աշխատավարձ հիմնականում՝ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ, մոտավորապես՝ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն: Ինչո՞ւ եմ ասում 80-90 և ոչ 100 տոկոս, որովհետև մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20 տոկոսը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20 տոկոսը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով, ներառյալ՝ անարդարությունը, կարգավորումները և այլն, և այդպես շարունակ։
Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումն ավելին լինի 10, մաքսիմում՝ 20 տոկոսից: Եվ հետևաբար, ուզում եմ ընդգծել՝ 80-90 տոկոսով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն և 80-90 տոկոսով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն: Իհարկե, այս ընկալումը չի կարող վերաբերել սոցիալական հատուկ խմբերին, որոնք բոլորովին ուրիշ պայմաններում են։ Ահա վերը նշված գործոնն է պատճառը, որ այդ 80-90 տոկոսի մասին հիշատակումը, թե կրթության ոլորտի բարեփոխումներն այնքան կարևոր են մեզ համար։
Կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք որոշել ենք, որ հանրակրթական մեր դպրոցներում աշակերտներին հենց այս ուղերձը պետք է տանք։ Պետք է նրանց ուղիղ և աներկբա ասենք՝ սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Այս համատեքստում, սակայն, մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը և ճշգրտենք այդ շրջանակը։ Ի՞նչ է նշանակում լավ ապրել։ Իհարկե, անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, թե ինչ է նշանակում լավ ապրել։ Դիոգենեսը, օրինակ՝ ապրում էր տակառի մեջ, որովհետև համարում էր, որ դա է կյանքի կատարյալ ձևը, բայց սա էլ առանձնահատուկ դեպքերն են:
Կարծում եմ՝ մենք պետք է ձևակերպենք լավ ապրել ի՞նչ է նշանակում: Եվ քանի որ մեր Կառավարության խոսույթում մարդու երջանկությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, կարծում եմ, պետք է նաև ձևակերպել՝ ի՞նչ է նշանակում լավ ապրել: Լավ ապրել նշանակում է, իմ կարծիքով, լինել երջանիկ: Իսկ ե՞րբ է անհատը երջանիկ, իմ կարծիքով՝ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն՝ առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմաններին, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և /կամ մշակույթին։
Բայց ինչի՞ համար եմ այս ամեն ինչն ասում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ։ Ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, և ասում եմ՝ ի պատասխան նաև այն հարցի, թե որը շատ երկար ժամանակ, այսինքն՝ առնվազն 2018 թվականից հնչում է, թե ի՞նչ է երջանկությունը, Կառավարությունը ո՞նց է ապահովելու երջանկությունը և այլն։ Այս ձևակերպումները տվեցի հետևյալ հետևությունն անելու համար՝ երջանկությունը, հարգելի գործընկերներ, պետական բյուջեի ծախսային ուղղություն է և ծախսային հոդվածների որոշակի տրամաբանությունը: Հայաստանի քաղաքացիների երջանկությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և որոշակի տրամաբանություն:
Փորձեմ հիմնավորել. ասացի, որ մարդը երջանիկ է, երբ ազատ է: Ազատությունը նշանակում է ժողովրդավարություն, ազատությունը նշանակում է օրենքի գերակայություն, ազատությունը նշանակում է իրավունքի պաշտպանություն, և դրանք բոլորն արտահայտված են այս կամ այն չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և զարգացումը՝ մենք ռազմավարություններ ունենք դրանց վերաբերյալ, այդ ռազմավարություններն ունեն միջոցառումների ծրագրեր, այդ միջոցառումները ենթադրում են ծախսեր: Ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ամենուր է: Ցանկացած քաղաքացի, երբ վարագույրը հետ քաշի և պատուհանից նայի, պատուհանից կտեսնի պետական բյուջեի ծախսային հոդված, պետական բյուջեի ծախս կամ պետական բյուջեի ծախսի բացակայություն։ Չկա ուրիշ, պարզապես ուրիշ որևէ տարբերակ։ Ցանկացած քաղաքացի, երբ իր տան պատուհանից նայում է, երբ փողոցում քայլում է՝ ուղիղ է նայում, աջ է նայում, ձախ է նայում, հետ է նայում, տեսնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային հոդված կամ ծախսային հոդվածի բացակայություն, կամ ծախսային հոդվածի անբավարարվածություն, կամ արդյունավետ ծախս, կամ անարդյունավետ ծախս: Այսինքն՝ մենք ուր նայում ենք՝ տեսնում ենք պետական բյուջեի արտահայտություն:
Հաջորդը՝ այս տեսության համաձայն երջանիկ լինելու համար ի՞նչ է պետք, մեջբերումը, իմիջիայլոց, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծից էր, պաշտպանված: Ի՞նչ է նշանակում լինել պաշտպանված: Բացի վերը նշվածից, նշանակում է՝ ունենալ Ոստիկանություն, որի վրա կարելի է հույս դնել, ունենալ դատական համակարգ, որի վրա կարելի է հույս դնել, ունենալ արդյունավետ Ազգային անվտանգության ծառայություն՝ հակաահաբեկչական պայքարի, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության գործողությունների համար, ունենալ պաշտպանունակ բանակ, ունենալ ամուր դիվանագիտություն և դիվանագիտական ծառայություն, ունենալ որակյալ օրենսդրություն, և այս ցանկը կարելի է շարունակել: Բայց ինչ էլ դնենք, ցանկացած արտահայտություն պետական բյուջեի ծախսային հոդված է կամ ծախսային հոդվածի բացակայություն, կամ ծախսային հոդվածի բավարար չափ կամ ծախսային հոդվածի անբավարար չափ, կամ որակյալ բյուջետային ծախս կամ անորակ բյուջետային ծախս։
Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ, ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մեր տրամաբանությամբ, ինչ-որ մենք հիմա ուզում ենք անել, նաև դրա արտահայտությունն է, առողջապահական համակարգի արտահայտություն: Օրինակ՝ մենք առողջապահական համակարգում պետական բյուջեից լիզինգի ծրագիր ենք իրականացնում, որով թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական կազմակերպությունները սարքեր, սարքավորումներ են ձեռք բերում։ Եվ դրա շահառուն մարդն է։ Եվ, իհարկե, առողջապահական ապահովագրության համակարգը մեր պատկերացմամբ այն է, ինչը ևս մի մակարդակով կբարձրացնի մեր քաղաքացիներին, կմոտեցնի երջանկությանը։
Ստեղծագործ լինել. ի՞նչ է նշանակում ստեղծագործ լինել։ Ստեղծագործ լինել առաջին հերթին նշանակում է ունենալ պատշաճ կրթություն, որովհետև առանց կրթության շատ դժվար է լինել ստեղծագործ։ Սոցիալական միջավայր ունենալ, ի՞նչ է նշանակում ունենալ սոցիալական միջավայր։ Նշանակում է բնակավայրում ունենալ, օրինակ՝ զբոսայգիներ, որտեղ կարելի է գնալ ուղղակի այլ մարդկանց հետ շփվել, և բազմաթիվ այսպիսի ենթակառուցվածքներ նշել: Ճամփորդել, մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի: Ի՞նչ է պետք ճամփորդելու համար, բացի տոմս առնելուց, անհրաժեշտ է, որ տրանսպորտային համակարգ գոյություն ունենա, անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքներ գոյություն ունենան, ճանապարհներ գոյություն ունենան, ճանապարհային անվտանգություն գոյություն ունենա, անհրաժեշտ է, որ օդային տրանսպորտը զարգացած լինի: Օդային տրանսպորտի զարգացումը պետական բյուջեի կոնկրետ տող է, և Կառավարության որոշման արդյունքում է նար, որ Wizz Air ընկերությունը հայտարարեց Հայաստանից 7 ուղղություններով թռիչքներ բացելու մասին: Եվ իրենք են հայտարարել, ես չգիտեմ պրակտիկան, հայտարարության մեջ նշվում էր բազային գին 29 եվրո տոմսի համար։
Հարգելի գործընկերներ, հասկանու՞մ եք, Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հնարավոր է 29 եվրոյով, 30 եվրոյով, 50 եվրոյով ինքնաթիռի տոմս գնել։ Հասկանու՞մ եք։ 2016 թվին հնարավո՞ր էր Հայաստանում…խնդրում եմ եկեք գնանք տոմսերի գները հանենք, տեսնենք ի՞նչ է տեղի ունեցել։ Օդի հարկը հիմա էլ ունենք, բայց հիմա որոշ ուղղություններով, նաև մեր կարգավորումներով օդի հարկի հարցն էլ է լուծված։
Սիրված աշխատանք ունենալ. բազմաթիվ սիրված աշխատանքներ գտնվում են բյուջետային հիմնարկներում և Կառավարությունը, իմիջիայլոց, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլ ոլորտներում աշխատատեղերի բացման ծրագրեր է իրականացնում, աջակցության ծրագրեր է իրականացնում, որպեսզի ներդրողներին խթանի նոր աշխատատեղեր ստեղծել։ Առողջ սննդին հասանելիություն՝ սննդի անվտանգությունն ու սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է։
Առողջ ապրելակերպը. առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է՝ սկսած մեր դպրոցներում և համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որը ստեղծվում է այդ թվում՝ պետական բյուջեի միջոցներով, ներառյալ սուբվենցիոն և ոչ սուբվենցիոն ծրագրերով, բայց նաև քաղաքացիների ընկալումն առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար, այդ թվում՝ հանրահռչակման ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը, դա էլ է որոշակի բյուջետային ծրագրի իրականացում՝ ցույց տալու համար, որ ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չէ ուղղակի, կներեք, իմ կարծիքով ամոթ է, որ չքշի:
Հաղորդակից լինել հոգևոր կյանքին և մշակույթին. այսօր Հայաստանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, այդ թվում՝ բյուջետային այն ծրագրերի և բանաձևերի միջոցով, որը Կառավարությունն ընդունել է: Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր ենք դրել և ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետև մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատություններն իրենց սիրած գործով զբաղվելով՝ իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնեն, և ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։ Պետական բյուջեի ծախսային տող է, երբ մենք մինչև 12 տարեկան բոլոր երեխաների համար, օրինակ՝ թանգարանների մուտքը դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի փող է, երբ որ մենք աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական պետական բյուջեի հաշվին տարին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի, և դրանում ներառեցինք նաև տրանսպորտային ծախսերը երեխաներին մարզից մարզ տեղափոխելու համար։
Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք, այդ թվում՝ հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն՝ պետության սեփականություն են և գտնվում են պետության հոգածության ներքո։ Եվ, այդ թվում՝ ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ, բայց նաև պետք է Կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև նորից եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։
Կարճ ասած, իհարկե այս ցանկը կարող ենք շարունակել, ես չեմ ուզում շարունակել, երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում: Ես հիշում եմ բյուջետային քննարկումները, որ ամենատարբեր, դեռ լրագրող եղած ժամանակներից, ես ինքս էլ որպես պատգամավոր գործելով՝ բյուջեին տարբեր անուններ եմ տվել և տարբեր ժամանակներում բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ՝ ճգնաժամի բյուջե, ետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե:
Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի երջանկության բյուջե, այսինքն՝ մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ի՞նչ է պետք Հայաստանի Հանրապետությանը և նրանց քաղաքացիներին՝ երջանիկ լինելու համար: Եվ սա, կարծում եմ, շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում և չեմ կարող ժխտել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է նաև Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև անհրաժեշտ կենցաղային պայմաններ, բայց ես ուզում եմ նաև մի արձանագրում անել, որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։
Առիթ ունեցել եմ նաև Կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել, իհարկե շատ կենցաղային օրինակով, եթե մարդն ունի հարմար, նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է ապրում: Պատկերացրեք լավագույն ձևով կառուցված և նորոգված առանձնատուն, և մարդն իր ընտանիքով ապրում է այդ տեղը, արդյո՞ք դա բավարար է, որ դա համարվի բարեկեցիկ, բացարձակ բավարար չէ, որովհետև կարող է այդ բնակարանը, այդ տունը, հազար ներողություն, չունենալ կոյուղի, օրինակ, որը հանրային ենթակառուցվածք է, այդ տունը կարող է չունենալ ջրամատակարարում, որը հանրային ենթակառուցվածք է, այդ տունը կարող է չունենալ էլեկտրականություն, լավ հիմա արևային ֆոտովոլտային կայաններ կարող են դնել, այդ մասը բաց թողնենք, չնայած դա էլ հանրային ենթակառուցվածք է: Եթե մարդն այդ տանն ամեն օր առավոտյան ուտում է սև խավիար, կեսօրին՝ կարմիր խավիար, երեկոյան և կարմիր, և սև խավիար, և այդ տնից դուրս գալու համար պետք է մեկուկես մետրանոց ռետինե սապոգներ հագնի, որովհետև հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի, այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ, կամ եթե մարդն ինքն իրեն այս իմ ասած պայմաններում համարի բարեկեցիկ, ուրեմն մենք պետք է ստուգենք բարեկեցության այդ ընկալումը։
Սա ինչի՞ համար եմ ասում, ի՞նչ կապ ունի սա, հարգելի գործընկերներ, բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ: Իսկ կապը հետևյալն է, որ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից, թե ինքն ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար, շա՜տ ավելի, շա՜տ ավելի կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեն ինչքան փող է ծախսում իր՝ այդ նույն մարդկանց, ընտանիքի և անհատի բարեկեցության համար։ Եվ այս ընկալումն առանցքային է, մենք պետք է սա հասկանանք, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող ունենալ։
Եվ այն պնդումը, որ ես առաջին անգամ, երբ արեցի Ազգային Ժողովում, մի քիչ էլ երևի ինքնաբուխ, հաջորդ պահին լարվեցի, երբ ասացի, որ ոչ մի ընտանիք, բացարձակապես ոչ մի ընտանիք ինքն իր կյանքի և բարեկեցության վրա չի ծախսում, չի կարող ծախսել ավելի շատ, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց հետո ինչքան գնաց, ավելի արմատավորվեց այդ միտքը և դա դարձել է համոզմունք։
Ի վերջո, եկեք հասկանանք, Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի քաղաքացի, անկախ սոցիալական և այլ կարգավիճակներից, որն ինքն իր ընտանիքի բարեկեցության, ապահովության համար ծախսում է ավելի շատ գումար, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և Հայաստանի պետական և տվյալ համայնքի համայնքային բյուջեն է ծախսում։ Եվ հետևաբար, հարգելի գործընկերներ, պետք է հասկանանք, ըմբռնենք խորությամբ, որ չափազանցություն չկա նրանում, երբ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորի հավաքական, բայց նաև մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, և այս ամենն ինչի համար եմ ասում՝ հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի, ֆունդամենտալ ձևով պետք է փոխվի, որովհետև կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն։ Կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն։ Կա հարկ՝ կա երջանկություն, չկա հարկ՝ չկա երջանկություն։ Կա հարկ՝ կա ազատություն, չկա հարկ՝ չկա ազատություն։ Կա հարկ՝ կա անվտանգություն, չկա հարկ՝ չկա անվտանգություն։ Կա հարկ՝ կա առողջություն, չկա հարկ՝ չկա առողջություն։ Կա հարկ՝ կա կրթություն, չկա հարկ՝ չկա կրթություն:
Ընդ որում՝ այս թվարկումը ժամերով շարունակենք, կա հարկ՝ կա ճանապարհ, չկա հարկ՝ չկա ճանապարհ, կա հարկ՝ կա լուսավորություն, չկա հարկ՝ չկա լուսավորություն, կա հարկ՝ կա սոցիալական ապահովություն, չկա հարկ՝ չկա սոցիալական ապահովություն, կա հարկ՝ կա անտառ, չկա հարկ՝ չկա անտառ, կա հարկ՝ կա մաքուր օդ, չկա հարկ՝ չկա մաքուր օդ, անսպառ է, բառիս բուն իմաստով անսպառ է:
Հիմա այն ինչ որ չկա, չկա, չկա, չկա, չկա, ինչի՞ պատճառով է, որ չկա, հարկ չլինելու պատճառով է, որ չկա, աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա, հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա։ Եվ դրա համար սա է պատճառը, որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, և վերջին շրջանում, որ օրինակ՝ շատ քննարկվում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ և հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց և նայենք, ուղղակի լուռ նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, ողջ, հասկանու՞մ եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։
Հարգելի գործընկերներ, մենք պետք է, ի վերջո, արձանագրենք մի բան, հասկանո՞ւմ եք մենք շատ ենք սիրում խոսել քաղաքակրթության մասին, և դա մեր սիրած թեման է: Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ, հասկանու՞մ եք: Այսինքն՝ փողոցն իր բնական վիճակի մեջ է եղել, պարզապես այդ տեղում ոչ մի ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղղակի քայլելու տեղ է եղել։ Բայց մյուս կողմից կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ է, այս ամենն ինչի՞ համար եմ ասում, այս ամենն ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց, անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն և մեծ ըմբռնում:
Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում և, առավել ևս, առաջիկա խորհրդարանական հերթական ընտրությունների համատեքստում պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն՝ հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետք է ձևավորել հարազատություն։ Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նաև նրա չափից, նրա կշռից, հանգամանքից, ծավալից: Եվ ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է, ես նույնիսկ հույս չունեմ, չեմ էլ կարող այդպիսի խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք: Համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի նրա մասին, որ մենք ըմբռնում պետք է ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկը՝ ա) իր ընտանիքի, իր երեխայի, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է: Մենք պետք է հասկանանք ի՞նչ է մեզ պետք երջանկության համար, ինչքա՞ն է հարկավոր վճարել այդ երջանկության համար և ինչպե՞ս ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը, որովհետև ուզում եմ նորից ընդգծել և դրանով թերևս ամփոփել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի, և հետևաբար, որևէ բանի տեղի ունենալը, սկսած մարդկանց ամուսնությունից։ Ասենք, որ դա նաև որոշակի համակարգ է, որը գրանցում է ամուսնությունները, բայց նորից եմ ասում, պիտի ճանապարհ լինի, չէ, որ մարդիկ հարսանիք անեն, չի լինի այլ կերպ, և հոսանք պետք է լինի, ջրամատակարարում և այլն, չպարզաբանեմ:
Հետևաբար, մեզ պետք է ձևավորել, ես չէի ասի կոնսենսուս, ես կասեի՝ ըմբռնում, թե ինչպես, որտեղ և ինչ չափով պետք է հարկեր վճարենք, բայց որպեսզի այդ ըմբռնումը ձևավորվի, նախ պետք է արձանագրել, թե այդ հարկերն ինչի համար են։ Ես կանխատեսում եմ, որ այս քննարկումից հետո նաև հետևյալ մի արձագանքն է լինելու՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևատրումները և այլն: Ես այսօր առավոտյան հատուկ հանել եմ այս քննարկումից առաջ, խնդրել եմ Ֆինանսների նախարարությունը տա տեղեկատվություն, և երբ ես խոսում էի 238 միլիարդ աշխատավարձի մասին, ուրեմն պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերն այդ ամեն ինչի մեջ փոքր են 5%-ից, պետական կառավարման համակարգի այդ բոլոր մեծադղիրտ պարգևատրումները և այլն, և այլն։ Եվ, նորից եմ ասում, եթե, օրինակ՝ ամբողջ պետական այդ շահարկումները, որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե, օրինակ՝ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1500 դրամով, պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ պետական համակարգը՝ դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով և այլնով, և այլն: Բայց այստեղ կա մի նրբություն, այդ թոշակը, որն այդ համակարգին աշխատավարձ չտալով կարելի էր 1500 դրամ բարձրացնել, ենթադրենք՝ մարդը ստանում է հիմա 30000 դրամ թոշակ, ենթադրենք՝ ապրիլին մենք որոշել էինք, որ վերջ, պետական համակարգն աշխատավարձ չի ստանում և դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանար 31500 դրամ կենսաթոշակ, որոշումը կլիներ, բայց կենսաթոշակների 70%-ն այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետև հռչակված կլիներ, բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը «ա» կետից հասցնի «բ» կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա: Լավ մի ամիս կարող էր գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն, լավ երկրորդ ամիսը գոյություն ունենար, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա վստահաբար, որովհետև ոչ մեկը չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել, եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չէ։ Ուրեմն, ժողովուրդը պիտի մտածեր, թույլ տալիս է, որ իրենք առանց աշխատավարձի աշխատեն, թե թույլ չի տալիս։
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար և մաղթում եմ մեզ, ձեզ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության հաջող և արդյունավետ քննարկումներ, որոնց արդյունքում, այդ քննարկումների արդյունքն էլ պետք է, ի վերջո, մենք ուրվագծենք, թե ինչ արդյունք ենք ուզում ունենալ: Մենք ուզում ենք ունենալ ավելի լավ պատկերացումներ, թե ինչպես կարող ենք ունենալ ավելի պետական բյուջեի շատ եկամուտներ և ինչպես կարող ենք մեր ծախսերը դարձնել առավել արդյունավետ, առավել հասցեական, որպեսզի այդ ծախսերն առավել արդյունավետ ծառայեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը, բարեկեցությանը, երջանկությանը: Շնորհակալ եմ»։