Բարձրագույն դատական խորհրդի հունիսի 3-ի որոշմամբ 2025 թվականի հունիսի 3-ից դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Կոլյայի Պողոսյանի լիազորությունները:
Նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսացել «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գրությունը։ Ինչպես նաև հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, ըստ որի՝ դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:
Ներկայացնում ենք Գագիկ Պողոսյանի կենսագրությունը։
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։
Աշխատանքային փորձ
1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է կադրերի բաժնի խորհրդատու։
1990 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՍՍՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի ժողդատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Այլ տեղեկություններ
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։