Երևանի քաղաքապետարանը խոստացած 30 տրոլեյբուս չի կարող ձեռք բերել. տրանսպորտում չվճարումների հետևանքով թերհավաքագրում կա

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների, շատերի կողմից ուղեվարձը չվճարելու արդյունքում թերհավաքագրումներ կան, ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Փետրվար ամսից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասականալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, Մետրոպոլիտենի, նաև «Էլեկտրական ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 մլրդ 30 մլն դրամ»,-ասաց Կոստանյանը:

Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ձեռք է բերելու 45 տրոլեյբուս:

«Այս ակցիաների արդյունքում, որոնցով մարդկանց հորդորում էին չվճարել, ունենք մի իրավիճակ, որ այդ 45-ից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու գնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը չկա: Հետևաբար այդ 30 նոր տրոլեյբուսները դուրս են եկել ցանկից»,-ասաց մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ եթե հավաքագրումները շարունակվեն նման տեմպով, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանն այդ 15 տրոլեյբուսը ևս չկարողանա ձեռք բերել:

«Կան մարդիկ, որոնք իրավիճակից օգտվում են և ընդհանրապես չեն վճարում: Իսկ այդ չվճարումները բերել է բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների»,-ասաց Կոստանյանը:

Չվճարողների համար տուգանք սահմանելու հարցը շարունակում է մնալ քաղաքապետարանի օրակարգում: Որոշումը պետք է կայացնի ԱԺ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել