Տևական ժամանակ է, որ պետությունը մեծ ծավալի ներդրումներ է անում մեր բուհերում, գիտահետազոտական կառույցներում, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանն է։ Այս մասին համալսարանի մոտ, լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այսօր առիթ կունենանք տեսնել նոր ձևավորված մի քանի ենթակառուցվածքներ, որոնք նոր հնարավորություններ են բացել բուհում բարձրագույն կրթության, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքի իրականացման առումով։ Կաևոր է, որ աշխատանքը տեսանելի լինի»,-նշեց Անդրեասյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում եկեղեցականների հետ սրված հարաբերություններին, Facebook-ում արված հայհոյախառն գրառումներին, նախարարը պատասխանեց՝ վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու բան չունի։
«Որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որը ձևավորված է։ Ես ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այն հանգամանքին, որ այն նոր չի ձևավորվել։ Լավ է, որ ուշադիր ենք։ Պետք է նաև ուշադիր լինեն այն դեպքերում, երբ այդ բառամթերքը հնչում է տարբեր կողմերից, այդ թվում՝ իմ նկատմամբ»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։
Հարցին՝ մեր եկեղեցիները «չուլանացված» են, թե ոչ, նախարարը պատասխանեց․ «Էն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն և ես դրա համար ցավում եմ։ Քանի՞ անգամ եք ձեր կողքին տեսել մարդ, որը հուշարձանի տարածքում է և աղբ է գցում։ Մեզնից քանի՞սն է մոտեցել ու ասել՝ չի կարելի։ Լավ է, որ այդ խնդիրներից խոսենք։ Խոսելու ձևերը կարող են տարբեր լինեն, բայց որ խնդիր կա և դրանք պետք է անդրադառնալ՝ ակնհայտ է»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։
Հարցին՝ հայհոյանքը կրթելու գործընթացում օգնո՞ւմ է, նախարարը պատասխանեց, որ հանրային խոսույթի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինել, առիթ է ունեցել խոսելու այն մասին, որ ընտանիքներում են անգամ անպարկեշտ բառեր սովորեցնում երեխաներին․ «Դա որևէ կերպ ընդունելի չեմ կարող համարել, կարծում եմ՝ բոլորս կարող ենք խոսել, քննարկել՝ ունենալով տարաձայնություններ՝ օգտագործելով մեր լեզվի հարուստ բառապաշարը»։