Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հունիսի 2-ին, նիստ է հրավիրել, որի ընթացքում պետք է քննարկվեր Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Ռուստամ Մախմուդյանին, Հրաչ Այվազյանին և Կարեն Ավետիսյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը ներկայացվել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից։
Խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը նիստի սկզբում հայտնեց, որ գործով քննությունը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել, սակայն մինչ այդ ԲԴԽ-ն կքննի խորհրդի անդամների բացարկի հարցը։
«Մայիսի 13-ին խորհրդի անդամներ Քրիստինե Մկոյանը, մայիսի 14-ին Կարեն Թումանյանը ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել»,-հայտնեց Աթաբեկյանը։
Մկոյանը հայտնեց՝ վարչական գործով, որը հիմք է դարձել վարույթի հարուցման համար, Վճռաբեկ դատարանում մասնակցել է գործի քննությանը։ Թումանյանն էլ հայտնեց, որ Հրաչ Այվազյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, հետևաբար գտնում է, որ պետք է ինքնաբացարկ հայտնի։
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ, այնուհետև վերադարձավ ու հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդությունները բավարարվում են։
Բացի այդ, մայիսի 23-ին ստացվել է դատավորներ Ռուստամ Մախմուդյանի, Հրաչ Այվազյանի և Կարեն Ավետիսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։ Խորհուրդը միջնորդությունը բավարարեց, նիստը հետաձգվեց։